տուն Հասարակություն Կորոնավիրուսի քանի՞ պահեստավորված թեստ կա Հայաստանում․ ԱՆ-ից պարզաբանում են

Կորոնավիրուսի քանի՞ պահեստավորված թեստ կա Հայաստանում․ ԱՆ-ից պարզաբանում են

213
0

Հունիսի 24-ի դրությամբ՝ Հայաստանում պահեստավորված է եղել 55․182 թեստ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցել են Առողջապահության նախարարությունից։ Թեստերը բերվում են ՌԴ-ից, Չինաստանից, Լեհաստանից (Ճապոնական արտադրության), ԱՄՆ-ից, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջնորդությամբ՝ տարբեր երկրներից։

Նախարարությունից հայտնում են, որ թեստերի վերջին թարմացումը կատարվել է հունիսի 22-ին։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է COVID-19-ի 10․171 թեստավորում։ Ստացվում է՝ եթե հունիսի 22-ից հետո թեստերի պաշարը չի թարմացվել, ապա այսօրվա՝ հունիսի 29-ի դրությամբ հանրապետությունում առկա է 45․011 թեստ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թեստերը պահվում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում, և իրականացնում է թեստերի պաշարների մշտական հղկողություն՝ դրանք ժամանակին համալրելու նպատակով։ Հավելենք՝ հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ արդեն պատրաստ են COVID-19-ի հայկական արտադրության ՊՇՌ թեստերը։ Դրանք օգտագործվելու են Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Հիշեցնենք՝ դեռ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանութան ինստիտուտին 550 հազար դոլար է հատկացրել՝ կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրություն սկսելու նպատակով։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Factor.am-ին փոխանցած տվյալների համաձայն՝ տեղական թեստերի առաջին խմբաքանակի փորձարկման դրական արդյունքներից հետո Հայաստանում COVID-19-ի 100 հազար թեստ են արտադրելու։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանի տեղեկացմամբ՝ թեստերի արտադրության աշխատանքներում 20 աշխատող է ընդգրկված։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում