Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Արտյոմ Սմբատյանն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց` տեղում հասկանալու նոր կորոնավիրուսի թեստերի շուրջ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունները: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Վերջիններս շրջայց են կատարել հիվանդանոցում և խոսել պացիենտների հետ: Շատերի դժգոհության պատճառն այն է, որ ցանկանում են նոր կորոնավիրուսի թեստերով հետազոտվել, սակայն այն նախատեսված է բացառապես վարակին բնորոշ, որոշակի ախտանշաններով պայմանավորված պացիենտների հետազոտության համար: Մասնագետները պարզաբանել են, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Բարեբախտաբար, թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:
«Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և հիմք ընդունել մասնագիտական մոտեցումները:
Կորոնավիրուսներն առաջացնում են սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ և Ծանր սուր շնչառական համախտանիշ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է:
Ինչպես պաշտպանվել.
- Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից,
- հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
- հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի,
- չզբաղվել ինքնաբուժմամբ,
- միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- եթե գտնվում եք Չինաստանում, ապա մի այցելեք կենդանական շուկաներ,
- եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին,
Աշխատանշաններ.
- տենդ,
- հազ,
- դժվարացած շնչառություն,
- թուլություն:
Վարակի փոխանցում.
- օդակաթիլային՝ հազալիս և փռշտալիս,
- կոնտակտային»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։