տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի կրկնավարակ. հարցազրույց համաճարակաբանի հետ

Կորոնավիրուսի կրկնավարակ. հարցազրույց համաճարակաբանի հետ

235
0

Ապրիլի վերջին ոմանք ենթադրում էին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կնվազի: Սակայն նվազում մինչ օրս չի արձանագրվել: Որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, հիմնավո՞ր է այն տեսակետը, թե կորոնավիրուսով վարակվածներն ինչքան շատ լինեն, այնքան շուտ կհաղթահարենք՝ այս հարցերի պատասխանները Araratnews.am-ը լսեց բժիշկ, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լուսինե Պարոնյանից:

Տիկի՛ն Պարոնյան, ըստ Ձեզ, ե՞րբ կնվազի վարակվածների թիվը եւ վարակը երբ կթուլանա:

Քանի որ շատ բան հայտնի չէ կորոնավիրուսի վարակից, դժվար է կանխատեսել, քանի որ տեսնում ենք դեպքերի աճ:

Հայաստանը, ինչպես հայտարարեց վարչապետը, չի կարող հավերժ փակված մնալ: Հանրային տրանսպորտը միակ կառույցն է, որը դեռ չի աշխատում: Ինչպե՞ս կարելի է սահմանափակումները հանել եւ միաժամանակ զերծ մնալ վարակվածների թվի ավելացումից:

Սահմանափակումները հավերժ չեն կարող շարունակվել, բայց դրանց հանելուց հետո էլ մենք պետք է հետեւենք որոշակի կանոնների՝ ձեռքերը լվանալ, իրար չգրկել, չհամբուրվել, սոցիալական հեռավորություն պահպանել, աշխատավայրում ջերմաչափում անել ու իրարից հեռու նստել:

Կարծիք կա, որ կորոնավիրուսով որքան շատ վարակվեն, այնքան շուտ դուրս կգանք այս վիճակից, քանի որ վարակվածները ձեռք կբերեն իմունիտետ: Որպես բժիշկ՝ համաձա՞յն եք  այս տեսակետին:

Եթե մենք ելնեինք օդակաթիլային վարակների հետ աշխատանքի մեր նախորդ փորձից, մենք էլ կարող էինք նման հետեւություն անել: Բայց քանի որ շատ քիչ բան է հայտնի այս վիրուսից, վստահ չենք կարող ասել:

Կարո՞ղ ենք պնդել, որ կորոնավիրուսով հիվանդացածները եւ առողջացածները կարող են նորից հիվանդանալ:

Մինչեւ հիմա ունեցել ենք դեպքեր, բայց չենք կարող ասել՝ մարդը կրկին վարակվել է: Գուցե վիրուսը որոշ ժամանակ ակտիվ չի եղել, հետո ակտիվացել է: Դա մենք չենք կարող համարել կրկնավարակման դեպք: Պետք է բնակչության մեծ խմբերի հետազոտություն արվի, որ կարողանանք պարզել իմունային համակարգը:

Վերջերս ավստրալացի գիտնականները պարզել են, որ հակավիրուսային «Իվետրիմիցին» դեղը  հաջող օգնում է կորոնավիրուսով վարակվածներին: Հնարավո՞ր է՝ այս դեղը Հայաստանում էլ կիրառվի:

Մի շարք հրապարակումներ են անում տարբեր դեղերի մասին: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եւս ունեն իրենց փորձը: Կարծում եմ՝ բոլոր կարծիքները կհամադրվեն, լավագույն փորձը կկիրառվի մեզ մոտ:

Իսկ գիտե՞ք՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները ինչ դեղեր են օգտագործում կորոնավիրուսով հիվանդներին բուժելիս:

Տարբեր հիվանդների համար բուժման տարբեր սխեմաներ՝ կախված նրանց վիճակից:

Սոնա Դավթյան