Կամավորների առաջին խմբում կորոնավիրուսի վարակի դեմ կլինիկական փորձարկումները ցույց տվեցին, որ նոր պատվաստանյութը անվտանգ է, հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն։
«Լաբորատոր եւ գործիքային հետազոտություններից ստացված տվյալները թույլ են տալիս վստահաբար խոսել պատվաստանյութի անվտանգության մասին»,- ասել էին գերատեսչությունից։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով, մասնակիցների առաջին խմբի ուսումնասիրության հիմնական խնդիրը անվտանգության եւ պատվաստանյութի կոմպոնենտների տանելիության հարցն էր։ Փորձարկումից 28 օր հետո մասնակիցների շրջանում կյանքի կենսական կարեւոր գործառույթները նորմայի մեջ էին։ Ոչ մի լուրջ բարդություն կամ բողոք չէր ստացվել։
Երեկ հայտնի է դարձել, որ կլինիկական փորձարկումները ավարտվել են, կամավոր մասնակիցներն էլ դուրս են գրվել։
«Դուրս գրվելու պահին բոլորն առանց բացառության իրենց լավ են զգացել՝ ստանալով կորոնավիրուսի դեմ իմունիտետ։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է ՊՆ առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը։
Ավելի վաղ Սեչենովյան համալսարանի Դեղամիջոցների կլինիկական հետազոտության կենտրոնի ղեկավար Ելենա Սոլյարչուկը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը ձեւավորվել էր փորձարկմանը մասնակցած բոլոր կամավորականների մոտ։ Իսկ թե որքան կպահպանվի այն, դեռ դժվար է ասել` պարզաբանել էր Սոլյարչուկը, քանի որ այդ հարցին պետք է պատասխանեն գիտնականները կլինիկական հետազոտությունների հաջորդ փուլից հետո։