Ռուսաստանում տասնութ կամավորների ներարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութի առաջին փորձնական չափաբաժինը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ փորձի մասնակիցներից մեկը պատմել է պատվաստումից հետո իր ունեցած զգացողությունների մասին:
Նա նշել է. «Ամեն ինչ հոյակապ է, սովորական ներարկում է, ոչ ցավ, ոչինչ չեմ զգում: Ոչ մի հերոսական բան դրանում չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մեկնարկել է պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը. 18 ռուս զինվորականից կազմված խումբը պատվաստվել է: Նրանց բաժանել են 9 հոգանոց երկու խմբերի, որպեսզի պատվաստանյութի տարբեր բաղադրիչներ ներարկեն:
Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից՝ կամավորներից ոչ ոք գանգատներ չի ունեցել, նրանց մոտ կողմնակի ազդեցություն ի հայտ չեն եկել:
Փորձի մասնակիցները կանոնավոր կերպով հետազոտվում են. պարբերաբար չափվում է նրանց մարմնի ջերմությունը, սրտխփոցի, շնչառության հաճախականությունը և այլ ցուցանիշներ:
Նշվում է, որ ուսումնասիրության են ենթարկվում պատվաստանյութի երկու տեսակ՝ հեղուկ և փոշու տեսքով, երկուսն էլ՝ միջմկանային ներարկման տարբերակով:
Ավելի վաղ պատվաստանյութը փորձարկվել է մանր և խոշոր կենդանիների վրա: