Հայաստանում մարտի 24-ին, ժամը 21:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 14 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները. բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։ Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի թեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»,- գրել է Թորոսյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: