տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսը հաղթահարած քոուչի պատմությունը

Կորոնավիրուսը հաղթահարած քոուչի պատմությունը

569
0
Մուշեղ Ավետիսյան

Լայֆ և բիզնես քոուչ Մուշեղ Ավետիսյանը հաղթահարել է կորոնավիրուսն ու ապաքինվել: Քոուչն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմել էր կորոնավիրուսի և նրա դեմ պայքարի իր պատմության մասին:

AraratNews.am-ի թղթակիցը կորոնավիրուսի բուժման ընթացքի մանրամասների շուրջ զրուցել է Մուշեղ Ավետիսյանի հետ:

Մուշեղ Ավետիսյան

Ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է դիմեք բժշկի, որն էր եղել ահազանգը. կայի՞ն Covid19-ին բնորոշ սիմպտոմներ: Մանրամասնեք խնդրում եմ, քանի որ սա այս օրերին մեր հասարակությանը ամենահետաքրքրող հարցերից է։

Նախ գլխացավ ու թուլությունն էր սկսվել, հաջորդ օրն արդեն ունեցա տաքություն, և քանի որ հաջորդ օրն արդեն հարազատներիս շրջանում կար հաստատված դեպք, ես հասկացա, որ ջերմաստիճանս գնալով բարձրանում է, համի և հոտի կորուստ ունեմ, դիմեցի պոլիկլինիկայի բժշկին, իր միջոցով տեղափոխվեցի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի համապատասխան բաժին. այնտեղ արդեն թեստավորեցին:

Իսկ պարզե՞լ եք ումից կամ ինչպես եք վարակվել։

Այո, հարազատներից:

Մի փոքր կխոսե՞ք Ձեր ապաքինման ընթացքից, հիվանդանոցային առաջին օրերից։

Առաջին երկու օրը գտնվել եմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային մասնաշենքում, որտեղ մարդկանց մինչև թեստի պատասխանը ստանալն են պահում: Էնտեղ հիմնականում ջերմություն եմ ունեցել՝ ջերմիջեցնող են տվել: Երբ թեստի պատասխանը դրական եկավ, ինձ արդեն ասացին, որ պետք է տեղափոխեն Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալ: Այնտեղ ժամանելուն պես սկսեցին բուժումը, որովհետև էլի ջերմությունս բարձր էր: Դեռ ինֆեկցիոնից, մոտս թոքաբորբ հայտնաբերելով, ինձ սկսել էին անտիբիոտիկներ նշանակել: Եվ հոսպիտալում ես ամբողջական բուժում էի ստանում. սիստեմաներ, իմունիտետը բարձրացնող C վիտամին, թոքերի համար հատուկ դեղեր՝ էուֆիլին, եթե չեմ սխալվում, և ընդամենը 3 օր հետո  ջերմությունս ամբողջությամբ կարգավորվեց. էլ ջերմության բարձրացում չէի ունենում: Հազ կար ինձ մոտ, արդեն երկկողմանի թոքաբորբ էր: Եվ շատ արագ, երևի մի 6-7 օր հետո թոքաբորբն ամբողջությամբ անցավ, և ես ոչ մի սիմպտոմ չունեի արդեն: Համի, հոտի զգացողությունը վերականգնվեց: 11-րդ օրն ինձ տեղափոխեցին Ծաղկաձոր՝ մեկուսացման, այնտեղ 4 օր մնալուց հետո վերադարձա ընտանիք:

Ֆեյսբուքյան Ձեր գրառումներից մեկում նշել էիք, որ բժիշկների հոգատար բուժման արդյունքում շատ արագ ապաքինվել եք: Պատմեք մի քիչ Ձեր հիվանդանոցային առօրյայից։

Սենյակում 3 հոգով էինք. մի հոգին «Շտապ օգնության» բժիշկ էր, որ հիվանդացել էր, մյուսը 66 տարեկան տղամարդ էր: Իրենց մոտ թոքաբորբ չկար, բայց, ասենք, բժիշկները գալիս և չափումներ էին կատարում՝ և սրտի աշխատանքը, և արյան մեջ թթվածնի պարունակությունը, եթե մեկն ուներ ճնշման խնդիր, ապա ճնշումն էին չափում համապատասխան նշանակումներն անում: Այսինքն՝ առավոտից երեկո այդ չափումներն անում էին, հերթապահ բժշկի համարները տրամադրում էին, եթե զանգում էիր, շատ բարեհամբույր պատասխանում էին, խնդիրը լուծում էին, եթե ինչ-որ խնդիր կար: Ես, օրինակ, մի փոքր շնչառական դժվարություն ունեի, միանգամից բուժքույրը եկավ և ասաց՝ եթե ուզում ես, սրսկումներ կատարեմ: Ուզում եմ ասել, որ բավականին հոգատար վերաբերմունք կար, մանավանդ, եթե հաշվի առնենք տիրող իրավիճակը: Բժիշկներն ու բուժքույրերը, հիմնականում, հոգեբանորեն լավ աջակցություն էին ցույց տալիս հիվանդներին: Լինում էին, իհարկե, հերթապահություններ, երբ բուժքույրերը ոչ այդքան հոգատար էին, դա արդեն զգացվում է, թե որքանով են իրենք աշխատանքը սիրով կատարում և որքանով չեն կատարում: Սակայն սա ավելի շատ կանհատականացնեի և ոչ թե կխոսեի ընդհանուր:

Ձեր «Coronavlog» խորագրով տեսանյութում ականատես ենք լինում, թե ինչպես եք մեկ ուրիշ պացիենտի հետ խորոված ճաշակում: Կասե՞ք՝ դա հիվանդանոցային ճաշացանկից էր, թե՞ հարազատներն էին ուղարկել։ Եվ ընդհանրապես, ինչպես էր կազմակերպված սննդակարգը:

Դա ուղարկել էին հարազատները, բայց էնպես չէ, որ մեր սնունդը պակաս էր: Ուղղակի, իմանալով, որ ես միս չեմ ուտում, հարազատները, ընկերները ներքևում թողել էին և այդ պահին զգուշացրեցին, որ իրենք նման բան են արել՝ ձուկ ու խորաված էին բերել, և մենք էդ ճաշակում էինք: Էդ դրվագը դրան էր վերաբերում: Ընդհանուր առմամբ մեզ տրամադրվող սնունդն էլ բավականին նորմալ սնունդ էր, և, եթե չլինի պահի տակ ինչ-որ բան ուտելու ցանկություն, ասենք, քաղցրի կամ ինչ-որ մի տեսակ սննդի, կարող ես այդտեղի սննդով շատ լավ սնվել: Եվ էնպես չի, որ մեզ միշտ դրսից սնունդ են բերել: Ընդամենը նման երկու դեպք է եղել:

10-11-ի հատվածում նախաճաշ էր լինում. ձու, ձվածեղ, հնդկաձավար, աղցան, բանան, հյութեր:

Ճաշին արդեն լինում էր երկու տեսակի. ինչ-որ մի բանի հետ երկու տեսակի աղցան, հացը միշտ լինում էր՝ լավաշ: Նորմալ սնվողի համար, որն առանձնապես շատ պահանջներ չունի, շատ լավ, նորմալ սնունդ է տրվում: Նույնիսկ, երբ ինձ հյուրանոց էին տեղափոխել, այնտեղ խոզի խորոված, կոտլետներ կային ճաշացանկում: Ուղղակի, որ ես միս չեմ ուտում, ինձ համար այդ ամենն այնքան էլ նպաստավոր չէր, բայց մյուսների համար դա արդեն շատ լավ սնունդ էր: Նույնիսկ սնունդն ամբողջությամբ չէինք էլ կարողանում ուտել, այսինքն՝ սննդի ծավալն այնպիսին է, որ ամբողջությամբ չէիր էլ կարող ուտել: Սոված մնալու տարբերակ չկար ընդհանրապես:

Ապաքինվելուց հետո չե՞ք վախենում դարձյալ վարակվելուց, քանի որ ապացուցված չէ կրկնավարակի վարկածը։ Պահպանո՞ւմ եք չվարակվելու կանոնները։

Իհարկե, մինչև այդ էլ էի պահպանում, հիմա էլ եմ պահպանում: Վախ, որպես այդպիսին, չկա՝ հաշվի առնելով, որ արդեն ինչ-որ չափով իմունիտետ ունեմ: Այնպես չէ, որ այն ժամանակ էլ կոնկրետ վախ կար: Վախն առհասարակ լավ զգացողություն չէ. դա ավելի շատ խանգարում է, քան օգնում: Պետք է ուղղակի պահպանել կանոններն ու չվախենալ: Երբ չես պահպանում ու վախենում ես, դա ավելի վատ է:

Ի՞նչ խորհուրդներ կտաք նրանց, ում կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, եւ նաեւ նրանց, ովքեր չեն հավատում հիվանդությանը կամ չեն պաշտպանվում։

Նրանք, ովքեր դրական պատասխան ունեն, պետք է հոգեբանորեն խուճապի չմատնվեն, ամեն ինչ անեն, որպեսզի օգնեն բժիշկներին, որ բուժումն անցնի արդյունավետ. դիմակ օգտագործեն, սնվեն նորմալ՝ թեկուզ իրենց ստիպելով, քանի որ սննդի ու հեղուկի լրացման դեպքում են միայն ապաքինվում: Եվ հոգեբանորեն, իհարկե, հարմարվեն այդ վիճակին. շատ մարդիկ, իրականությանը չհարմարվելով, շատ ավելի ծանր հոգեբանական խնդիրներ են ունենում: Դա կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վիրուսը:

Նրանք, ովքեր չեն հավատում, ճիշտն ասած, չեմ հասկանում էդ մարդկանց: Դա ոչ թե կրոն է, որին պետք է հավատալ կամ չհավատալ, այլ ամեն դեպքում պետք է ուշադիր և զգոն լինել: Դեպքեր կան, որ մարդիկ մահանում են, և դեպքեր կան, որ, օրինակ, բարեկամների, հարազատների հետ են լինում և տեսնում ես: Եթե ինչ-որ բան շահում են նրանք, որ չեն հավատում, ես կհասկանայի այդ մոտեցումը: Բայց նրանք միայն իրենց վտանգի են ենթարկում:

Օլյա Շահինյան