Ղազախստանում գրանցվել է Covid-19-ով հիվանդացության կտրուկ աճ: «Մենք հիմա պատերազմի մեջ ենք»,- ուրբաթ օրը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ այսպես է նկարագրել երկրում տիրող իրավիճակը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Իրավիճակի վատացման պատճառով Ղազախստանը հուլիսի սկզբին երկրորդ անգամ կարանտին հայտարարեց: Երկուշաբթին հայտարարվեց սգո օր`ի հիշատակ կորոնավիրուսից զոհվածների:
Վերջին տվյալներով, երկրում կա վարակի մոտ 60 հազար և մահվան 375 դեպք, որոնցից 111-ը միայն վերջին հինգ օրվա ընթացքում: Բայց շատ բնակիչներ կարծում են, որ իրականում այդ թվերը կարող են ավելին լինել։
Երկրի իշխանությունները հայտնում են, որ առաջին վեց ամիսների ընթացքում թոքաբորբի դեպքերի թիվն աճել է 55%-ով`համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ և կազմել է գրեթե 100 հազար։ Պաշտոնատար անձանց հայտարարությունների արդյունքում Ղազախստանում Չինաստանի դեսպանատունը հանդես է եկել ուղերձով, որով իր քաղաքացիներին նախազգուշացրել է «անհասկանալի» թոքաբորբի վիրուսի մասին, որն «ավելի մահացու է, քան կորոնավիրուսը»:
Ծանր հիվանդների ներհոսքի պատճառով շատ հիվանդանոցներ լեփ-լեցուն են:
«Յուրաքանչյուր սենյակում չորսից հինգ երկաթյա մահճակալ կա: Առաջին օրը նրանք ինձ որևէ նշանակում չարեցին։ Ես 10 ժամ անընդմեջ տառապում էի փսխումից: Թուլություն ունեի, շնչահեղձություն ու առատ քրտնարտադրություն: Ես իսկապես կարծում էի, որ կմեռնեմ»,- հիշում է հիվանդներից մեկը:
«Այնտեղ մարդիկ գիշերը գոռում են, շնչահեղձ են լինում, հազում են,- շարունակում է նա:- Մեկ շաբաթ հետո ինձ դուրս գրեցին: Նրանք ինձ ասացին, որ պետք է մի շաբաթ էլ հակաբիոտիկներ ընդունեմ: Ես ասում եմ՝ դուք դրանք ինձ կտա՞ք։ Նրանք ասում են՝ չի թույլատրվում: Իսկ ես որտե՞ղ կարող եմ գտնել դրանք: Դե, դա մեր խնդիրը չէ, ասում են»:
Հիվանդանոցներում բժիշկները նույնպես աննախադեպ ծանրաբեռնվածությամբ են աշխատում:
«Մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում,- պատմում է բժիշկ Ռոման Լավրինենկոն:- Երկու բժիշկ է ամբողջ հիվանդանոցում, որը լեփ-լեցուն է, իսկ նախատեսված է 250 մարդու համար: Բժիշկների, բուժքույրերի պակաս կա, նրանց վրա նույնպես խիստ ծանրաբեռնված են»:
Քաղաքացիական հասարակությունը նախաձեռնել է մի շարք նախաձեռնություններ՝ հիվանդանոցներին և բժիշկներին օգնելու համար. դրամահավաք են կազմակերպել անձնական պաշտպանիչ սարքավորումներ և դեղորայք գնելու համար:
Եռլան Նուրպեիսովը, որը բիզնես ունի գազի արդյունաբերության տեխնոլոգիաների ոլորտում, առաջ քաշեց նախաձեռնություն ՝ Ալմաթիում ցերեկային հիվանդանոց ստեղծել կորոնավիրուսով չափավոր ծանրությամբ հիվանդների համար:
«Այս հիվանդները այժմ չեն ընդունվում հիվանդանոցներում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք լի են ծանր հիվանդներով»,- բացատրում է Նուրպեիսովը:
«Եթե մենք կարողանանք բավարար քանակով այդպիսի հիվանդանոցներ բացել, կարող ենք դադարեցնել ծանր հիվանդների հեղեղը, որոնք հոսպիտալացման կարիք ունեն»,- ասում է Նուրպեիսովը: