Աշխարհում կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով հազարավոր աշխատատեղեր են կրճատվել։
Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է գրեթե 2․5 միլիոնի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։
Նախարարը նաև նշել է, որ հունիս ամսին շաբաթական մոտ 150 հազար գործազուրկ է գրանցվել։
Վերջին 10 տարում առաջին անգամ՝ Գերմանիայում գործազուրկների թիվը կարող է գերազանցել 3 միլիոնի սահմանը։
Երկրում Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դեթլեֆ Շեելեն գերմանական «Süddeutschen Zeitung» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ գործազրկության մակարդակի աճը կորոնավիրուսային պանդեմիայով է պայմանավորված։ Նա հույս է հայտնել, որ աշնանը, երբ թուլանան զբոսաշրջության ու ռեստորանային բիզնեսի սահմանափակումները, աշխատաշուկայում տիրող իրավիճակը կբարելավվի։ Գերմանիայի Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավարը նաև նշել է, որ կառավարության կողմից ընդունված՝ տնտեսությանն աջակցման ծրագիրը ևս կնպաստի աշխատաշուկայի ակտիվացմանը։
Իտալիայում 2,13 մլն գործազուրկ կա, սակայն աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը, մարտի տվյալներով (Իտալիայում համազգային կարանտինի առաջին ամիսը) նվազել է 11,1 տոկոսով ՝ մինչեւ 267 հազար:
ԱՄՆ-ում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել վճարումները գործազուրկներին, որոնք նշանակվել են կորոնավիրուսային համաճարակի և տնտեսության փլուզման ֆոնին: Մարտին տնտեսությանը սատարելու համար ընդունված միջոցառումների փաթեթը նախատեսում էր այդպիսի վճարումներ շաբաթը մեկ անգամ, դեմոկրատներն էլ, որոնք մեծամասնություն են Ներկայացուցիչների պալատում, փորձեցին երկարաձգել այդ ժամկետը մինչև տարեվերջ: Սակայն Սենատը հրաժարվեց քննարկել համապատասխան օրինագիծը:
2020 թվականի առաջին եռամսյակում Ֆրանսիան մասնավոր հատվածում կորցրել է 497 400 աշխատատեղ եւ եւս 4900-ը ՝ պետական հատվածում։ Երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ գործազրկության դեմ պայքարն իշխանությունների համար առաջնահերթություն է:
Կրրատումների մասին որոշումներ են կայացրել նաև համաշխարհային խոշոր ընկերությունները։ Օրինակ՝ Microsoft ընկերությունն աշխատանքից ազատել է Microsoft News և MSN ծառայությունների խմբագրակազմին։ Կրճատումների տակ են հայտնվել տասնյակ աշխատակիցներ։