Անցած տարեվերջին Չինաստանում հայտնված նոր կորոնավիրուսը տարածվել է վեց մայրցամաքներում գտնվող ավելի քան 177 երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաթոգենը համարում է համաճարակային՝ հաղորդում է Al Jazeera-ն:
Վիրուսից զոհերի թիվը հասել է 37.800-ի, Ջոն Հոփքինսի համալսարանի (անգլ.՝ Johns Hopkins University) հաղորդած տվյալների համաձայն, վարակակիրների թիվն աշխարհում ավելի քան 780,000 է: Մինչ այժմ առողջացել է ավելի քան 160,000 հոգի:
Երբ խուճապը տարածվեց, ամբողջ աշխարհի գիտնականներն ու հետազոտողները ջանքեր գործադրեցին՝ հասկանալու նոր վիրուսի առանձնահատկությունները և թե ինչպես է այն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Սրացման մակարդակների տարբերություն
Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։
Ընդունված է ասել, որ այն մարդկանց փոխանցվել է դեռևս չբացահայտված կենդանուց, նոր վիրուսը տարածվում է հիմնականում շնչառական կաթիլների միջոցով, երբ վարակված անձը հազում է կամ փռշտում:
Ինչ-որ մեկից վարակվելուց հետո ախտանիշները միջինում ի հայտ են գալիս 5-6 օրում: Այնուամենայնիվ, վիրուսը կրող որոշ մարդիկ մնում են ասիմպտոմատիկ, այսինքն՝ նրանց մոտ որևէ ախտանիշ ի հայտ չի գալիս:
ԱՀԿ-ի Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագիրը ղեկավարող Մարիա վան Կերկհովեն նշում է, որ վիրուսը բազմանում է շնչուղիների շրջանում և կարող է մի շարք ախտանիշներ առաջացնել:
«Դուք ունեք մեղմ դեպքեր, որոնք նման են սովորական մրսածությանը՝ հետևյալ շնչառական ախտանիշներով. կոկորդի ցավ, հոսող քիթ, տենդ, ընդհանուր թոքաբորբ: Եվ կարող են լինել թոքաբորբի ծանրության տարբեր մակարդակներ՝ ամբողջական օրգանիզմի անբավարարությունից մինչև մահ»,- ասել է նա լրագրողներին՝ Ժնևում, փետրվարի 7-ին:
Այնուամենայնիվ, շատ դեպքերում ախտանիշները մեղմ են մնացել:
«Մենք ծանոթ ենք մոտ 17,000 դեպքերի մասին որոշ տվյալների, և, ընդհանուր առմամբ, դրանց 82 տոկոսը մեղմ է, 15 տոկոսը՝ ծանր, իսկ դրանց 3 տոկոսը դասակարգվում են որպես կրիտիկական»,- ասել է Կերկովեն:
Տենդ, հազ, թոքաբորբ
Ուհանում նոր վիրուսով վարակված 138 հիվանդների նկատմամբ անցկացված հետազոտությունը, որը հրապարակվել է փետրվարի 7-ին «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի» ամսագրում (JAMA), ցույց տվեց, որ ամենատարածված ախտանիշներն էին ջերմությունը, հոգնածությունը և չոր հազը: Հիվանդների մեկ երրորդի մոտ հայտնաբերվել է նաև մկանների ցավ և շնչառության դժվարություններ, մինչդեռ՝ մոտ 10 տոկոսն ունեցել է ատիպիկ ախտանիշներ. ներառյալ լուծ և սրտխառնոց:
22-ից 92 տարեկան հիվանդներ հունվարի 1-ից 28-ը տեղափոխվել էին Ուհանի հիվանդանոց:
«Հիվանդների միջին տարիքը 49-ից 56 տարեկան է: Երեխաների մոտ գրանցված դեպքերը հազվադեպ էին»,- հաղորդվում է «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի» ամսագրում (JAMA):
JAMA-ի հետազոտությունները ցույց են տվել, որ թեև գրանցված դեպքերի մեծ մասի դրությունը մեղմ է թվացել, այնուամենայնիվ, բոլոր հիվանդների մոտ թոքաբորբ է զարգացել:
Այնուհետև, մոտ մեկ երրորդի մոտ ծանր շնչառության առկայություն առաջացավ, որոնց նկատմամբ պահանջվում էր ինտենսիվ թերապիա անցկացնել: Կրիտիկական վիճակում գտնվող հիվանդները տարիքով ավելի մեծ էին և այլ ախտանիշներ ունեին, ինչպիսիք են շաքարախտը և հիպերտոնիան:
138 հիվանդներից վեցը մահացել են. 4,3 տոկոս մահվան դեպք է գրանցվել, ինչը ավելի բարձր է, քան Չինաստանի այլ մասերից ստացված տվյալները:
Մինչ այժմ վարակվածների ընդհանուր թվի 2 տոկոսից պակասն է մահացել վիրուսից, բայց այս ցուցանիշը կարող է փոխվել:
Մինչդեռ հունվարի 24-ին Lancet բժշկական ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որը վարակված ծանր հիվանդների մոտ նշում էին «ցիտոկինի փոթորիկ», որն ուժեղ իմունային ռեակցիա է, որի միջոցով մարմինը արտադրում է իմունային բջիջներ և սպիտակուցներ, որոնք կարող են ոչնչացնել այլ օրգաններին:
Որոշ մասնագետներ ասում են, որ սա կարող է բացատրել երիտասարդ հիվանդների մոտ գրանցված մահվան դեպքերը: Չինաստանից ստացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենց 30, 40 և 50 տարեկան որոշ մարդիկ, որոնց մոտ նախկինում առողջական խնդիրներ չեն գրանցվել, նույնպես մահացել են հիվանդությունից:
Վարակի զարգացման տարեգիրքը
JAMA-ի հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ, միջին հաշվով, մարդիկ իրենց մոտ ախտանիշների առաջացման պահից հինգ օր հետո շնչահեղձ են եղել: Շնչառության լուրջ խանգարումները նկատվել են մոտ ութ օրվա ընթացքում:
Հետազոտությունը չի տվել գրանցված մահվան դեպքերի ժամանակացույցը:
Այնուամենայնիվ, «Journal of Medical Virology» ամսագրի հունվարի 29-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ մահացածները, միջին հաշվով, մահվանից 14 օր առաջ այդ նույն համախտանիշներից են ունեցել:
«The New England Journal of Medicine» ամսագիրը հունվարի 31-ին հրապարակված ուսումնասիրության մեջ ցույց է տալիս, թե ինչպես է ժամանակի ընթացքում կորոնավիրուսային վարակն ազդում օրգանիզմի վրա:
Հետազոտությունն ուսումնասիրել է 35-ամյա տղամարդու բժշկական պատմությունը, որը Միացյալ Նահանգների առաջին վարակակիրն էր: Առաջին ախտանիշը չոր հազն էր, որին հաջորդեց տենդը:
Հիվանդության երրորդ օրը նա ունեցել էր սրտխառնոց և փսխում, վեցերորդ օրը՝ լուծ և անհանգստություն որովայնի շրջանում: Իններորդ օրը նրա մոտ թոքաբորբ է զարգացել, և նա զգացել է, որ դժվարությամբ է շնչում:
Տասներկուերորդ օրը նրա վիճակը բարելավվել է, և ջերմությունն իջել է: Սակայն, նրա մոտ նաև հոսող քթի ախտանիշն է գրանցվել: 14-րդ օրը նա ասիմպտոմատիկ էր՝ բացառությամբ մեղմ հազի:
Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նա հունվարի 19-ին հիվանդանոց է ընդունվել և փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում դուրս է գրվել հիվանդանոցից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ Չինաստանից ստացված վիճակագրությունը ենթադրում է, որ մեղմ հիվանդությամբ տառապող մարդկանց վերականգնման ժամկետը մոտ երկու շաբաթ է:
Փետրվարի 28-ին Թեդրոսն ասաց, որ երկրները պետք է նախապատրաստվեն հնարավոր համաճարակի, քանի որ Չինաստանից դուրս՝ մնացած երկրները այժմ կազմում են գրանցված նոր վարակների երեք քառորդը:
Մարտի 4-ին նա նախազգուշացրեց, որ պաշտպանիչ սարքավորումների գլոբալ պակասությունն ու գների աճը թուլացնում են երկրների՝ համաճարակին արձագանքելու կարողությունները, և ընկերություններին ու կառավարություններին կոչ է արել 40 տոկոսով բարձրացնել դրանց արտադրությունը:
Մարտի 11-ին ԱՀԿ-ի ղեկավարը COVID-19-ը բնութագրել է որպես համաճարակ և իր անհանգստություն է հայտնել «տարածման և ծանրության տագնապալի տեմպերի և անգործության անհանգստացնող մակարդակների կապակցությամբ»:
Մարտի 13-ին Թեդրոսն ասաց, որ Եվրոպան դարձել է համաճարակի էպիկենտրոնը, որտեղ ավելի շատ վարակման ու մահվան դեպքեր են գրանցվել, քան «ամբողջ աշխարհում միասին վերցված՝ բացի Չինաստանից»:
Օլյա Շահինյան