Ըստ Սննդի Անվտանգության Տեսչական Մարմնի տարածած հայտարարության, 2020 թվականի հունվարի 15-ից գործողության մեջ է դրվելու Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 142 –Ն որոշումը, որը հիմնված է «Անասնաբուժության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ կետի վրա:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է գյուղատնտեսական կենդանիների սպանդի եւ մորթի կարգը:
Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ մարզում գործում են 7 սպանդանոցներ, որտեղ կան բոլոր հնարավորությունները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար:
Նշվում է նաև, որ ծիսակատարությունների (ծնունդ, հարսանիք, սգո արարողություն) նպատակով նախատեսված մորթն առայժմ թույլատրվում է իրականացնել բակերում:
Այլ մարզերի համեմատությամբ Կոտայքի մարզում առավել թվով սպանդանոցների առկայությունը նկատի ունենալով՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը հորդորում է գյուղատնտեսական կենդանիների մորթը եւ սպանդը, այնուամենայնիվ, իրականացնել մարզի սպանդանոցներում, քանի որ բակում սպանդի ենթարկված անասունը չի կարող վաճառվել օրինական մսի վաճառքի կետերում վերը նշված կարգի համաձայն:
Մարզպետարանը նաեւ տեղեկացնում է, որ մարզում գործող սպանդանոցների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն կամ զանգահարել 0223 2-32-40 հեռախոսահամարով: