տուն Քաղաքական Հայաստան Կոչ՝ բոլոր շինարարներին

Կոչ՝ բոլոր շինարարներին

380
0

Կառավարությունը, երկարաձգելով արտակարգ դրությունը, այնուամենայնիվ, թույլատրում է մի շարք տնտեսավարողների գործունեությունը:

Այս շրջանում, հատկապես երկրի տնտեսության համար, շատ կարևոր է շինարարական ոլորտը: Եվ սահմանափակումների մասով փոփոխությունները մեծ հաշվով վերաբերում էին շինարարական գործունեությանը, որով հնարավորություն տրվեց շինարարական կազմակերպություններին շարունակել աշխատանքը:

Բնականաբար, տնտեսական տեսանկյունից որոշումն արդարացված է, քանի որ ոլորտը մեր երկրի տնտեսության հիմնասյուներից կարևորագույններից է, բայց չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք նաև երկրում համաճարակի տարածման  ռիսկերի հետ:

Այդ իսկ պատճառով բոլոր այն տնտեսվարողները, ովքեր շինարարական գործունեություն են ծավալելու, կոչ ենք անում հնարավորինս պահպանել հիգիենիկ անվտանգության նորմերը` հետագա բարդություններից ու վարակումներից խուսափելու համար:

Ըստ երևույթին, շինարարները պետք է հնարավորինս պահպանեն սոցիալական հեռավորությունը, պարտադիր կրեն պաշտպանիչ բժշկական դիմակներ, լինեն ձեռնոցներով:

Աշխատելով՝ լուծվում են սոցիալական ու տնտեսական խնդիրները, իսկ անվտանգության կանոնների պահպանումը չեզոքացնում է կորոնավիրուսի տարածումը:

Այն բոլոր քաղաքացիները, ովքեր կվերսկսեն շինարարության մեջ իրենց գործունեությունը, պետք է զգոն լինեն և հիշեն, որ վերը նշված կանոնների չպահպանումը կհանգեցնի երկրում արտակարգ դրության տևական պահպանման ու կբերի ավելի խիստ սահմանափակումների կիրառման անհրաժեշտությանը:

Այնպես որ՝ ևս մեկ անգամ հորդորում և կոչ ենք անում հարցին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ ու լրջագույնս պահպանել կանոնները:

Հայկ Մագոյան