Այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ էր կազմակերպվել՝ «Եվրասիական նախագիծ՝ Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով: Մոսկվայում Եվրազեսի մի շարք չիվոնիկներ էին, Հայաստանում՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:
Փորձելով պատասխանել հարցին, թե ի վերջո ինչ կարող է շահել Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելուց, բանախոսները հիմնականում նշում էին գազի գնի հնարավոր նվազեցումը և մեր երկրի ենթակառուցվածքներում 15 մլրդ ռուբլու ներդրումների խոստումը, որ հնչել էր սեպտեմբերի սկզբին: Նկատենք, որ երկու դեպքում էլ, սակայն, ոչինչ հստակ չի: Խոսվեց նաև Աբխազական երկաթգծի բացման հնարավորության մասին, մինչդեռ մի քանի շաբաթ առաջ աբխազական ու վրացական կողմերը արդեն հերքել էին, թե որևէ խոսակցություն եղել է այդ հարցով՝ առավել ևս Մաքսային միության շրջանակներում:
Աշոտ Թավադյանը ինչ-որ թվեր նշեց (ՀՆԱ տարեկան 0,2-0,5% աճ)՝ հիմնվելով գազի գնի ու Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ալմաստի հումքի էժանացման, 15 մլրդ ռուբլու ներդրումների խոստումի վրա՝ խոստանալով իր կազմած մոդելը ներկայացնել առաջիկա 10-15 օրում: Համեմատության համար նշենք, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ողջ ընթացքում անկախ հետազոտական կենտրոնների կողմից պարբերաբար միջանկյալ զեկույցներ էին հրապարակվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն Հայաստանի միանալու հետևանքների վերաբերյալ:
Հայկ Մանուկյան