Այսօր Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատարաստ է 100 դրամով շահագործել ուղևորափոխադրողների միության կողմից առաջարկված երեք երթուղային գծերը՝ պայմանով, որ իրեն հնարավորություն տրվի իր ցանկությամբ ընտրել և շահագործել ևս երկու երթուղային գիծ:
Araratnews.am-ը Սուրեն Սահակյանից փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված նման պայմանի առաջ քաշումը , ինչին ի պատասխան նա ասաց.
Տրանսպորտի հիմնախնդրի առաջացման օրվանից բանավեճ է ընթանում՝ 100 դրամ սակագինը բավարար է, թե՞ այդ սակագնի դեպքում ուղևորափոխադրողները վնասով են աշխատելու: Նախ, անկախ ամեն ինչից, հանրության պահանջն է, որ սակագինը մնա 100 դրամ և այս դեպքում ոլորտի պատասխանատուները պետք է օր ու գիշեր աշխատեն, հանրային պահանջի ապահովման ուղղությամբ: Եթե դա նրանց չի հաջողվում, ապա պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ այլևս այդ պաշտոններում անելիք չունեն:
Փոխանակ աշխատելու, նրանք այլ միջոց չեն տեսնում, քան բժշկին, ճարտարապետին, իրավաբանին, հրատարակչին առաջարկել դառնալ ուղևորափոխադրող: Ինչպես կարելի է ենթադրել, քաղաքացիական հանրությունը՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, պարտավոր չեն թողնել իրենց գործերը և զբաղվեն քաղաքապետարանի գործառույթները իրականացնելով: Խաղի նման կանոններ առաջ քաշելը ծիծաղելի է: Կարծես գործ ունենք ո՛չ թե քաղաքապետարանի, այլ «Մանուշակ» մանկապարտեզի հետ:
Այնուամենայնիվ, գտնվեց քաղաքացի՝ Արման Մուշեղյանը, ով հայտարարեց, որ պատրաստ է շահագործել երթուղային գիծ՝ գոյացած շահույթից ժամանակի ընթացքում ավտոպարկի գումարը մարելու պայմանով: Դրան ի պատասխան, փոխադրողների միության նախագահը հայտարարեց, որ պատրաստ են 3 երթուղային գիծ տրամադրել Արմանին: Իրականում սա ինքնախոստովանություն էր.հայտարարում էին, որ բոլոր գծերը աշխատում են վնասով, իսկ հիմա առաջարկում են ընդամենը երեքը, ընդ որում` կոնկրետ երթուղիներ:
Ստացված տեղեկատվությունը վերլուծելով, կարելի է հանգել եզրակացության, որ Երևանի ամբողջ երթուղային ցանցից վնասով են աշխատում միայն այդ երեքը, հակառակ դեպքում` ազատ ընտրության իրավունք կտրվեր:
Այդ դեպքում, ես էլ, հասարակական հիմունքներով, իմ փոքր օգնությունն եմ առաջարկում ուղևորափոխադրումների հետ կապված հարցը հանգուցալուծելու համար: Կարող եմ վերցնել վնասով աշխատող այդ 3 երթուղին, ինչպես նաև, ըստ մամուլի տեղեկությունների Գալուստ Սահակյանին կամ նրա ընտանիքին պատկանող 64 համարի միկրոավտոբուսային երթուղին և Տարոն Մարգարյանին պատկանող 5 համարի երթուղին և մեկի շահույթով փակելով մյուսի վնասը, բոլորը շահագործել 100 դրամ ուղեվարձով:
Անկախ ամեն ինչից, սա նաև մի մոդել է, երբ քաղաքային տրանսպորտի միասնական համակարգ ստեղծելով կարելի է լուծել քաղաքի համար ցավոտ դարձած հիմնախնդիրը՝ հընթացս բարելավելով և՛ ավտոպարկը, և՛ սպասարկման որակը, միաժամանակ` գինը թողնելով անփոփոխ: