Հայաստանում անցկացվող շախմատային մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։
Չնայած համավարակին՝ Ջերմուկ քաղաքում շախմատային առօրյան սկսվել է. մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Անշուշտ, մրցաշարն անցկացվում է հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Մրցաշարի բոլոր մասնակիցները պաշտպանիչ դիմակներով են։
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով: Արդեն անցկացված 5 խաղափուլերի արդյունքներով՝ առաջատարը 22-ամյա գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է։ Նա հնարավոր 5 միավորից վաստակել է 4 -ը։ Կես միավորով նրան հաջորդում է 24-ամյա Արման Միքայելյանը։ Առաջատարին հետապնդող շախմատիստների խմբում են 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Դավիթ Շահինյանը՝ 3-ական միավորով։
Ջերմուկում անցկացվող մրցաշարն աննկատ չի մնացել արտասահմանյան շախմատիստների կողմից։ Նիդեռլանդների ներկայացուցիչ Պեն Չժաոցինը Twitter-ի իր էջում ջերմուկյան մրցաշարից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
«Հաճելի չէ, բայց աշխատում ենք հատուկ պայմաններում»,- գրել է շախմատիստուհին՝ նկատի ունենալով մրցաշարի մասնակիցների դիմակները։