Երեկ yerkir.am-ի տարածած տեղեկությունների համաձայն, ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունը համատեղ նիստ էին անցկացրել: Տեղեկությունը հաստատել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
AraratNews.am-ը փորձեց նրանից տեղեկանալ, թե ինչ է որոշվել հանդիպման արդյունքում և ինչպիսի քայլեր են նախատեսում ԱԺ չորս խմբակցությունները:
«Արտառոց ոչինչ չկա այն բանում, որ ԱԺ չորս խմբակցությունները երկրի առաջ ծառացած հիմնական մարտահրավերների դեմ միասնական են հանդես գալիս: Քանի որ հիմնական խնդիրների լուծման մասով մեր մոտեցումները նույնական են, մենք խորհրդարանական հարթակում լրջագույն խնդիրների մասով հանդես ենք գալու միասնական»,- ասաց պատգամավորըˋ հավելելով, որ հունվարի 18-ի հանրահավաքը նախաձեռնել է «Դեմ ենք» նախաձեռնող խումբը և իրենք էլ միանում են այդ նախաձեռնությանը:
Ինչպես հայտնի է 2013 թվականի ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին նիստին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը կառավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսելուˋ ԱԺ 2014 թվականի գարնանային նստաշրջանի սկսվելուն պես: Այս կապակցությամբ, տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ, որևէ համաձայնություն չկա ԱԺ չորս խմբակցությունների միջև, սակայն այն, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է հարյուր անգամ արդեն հրաժարական տված լիներˋ պատգամավորը վստահ է.«Այդ հարցը դեռևս չենք քննարկել, քանի որ դա լուրջ հիմնավորումներ ունեցող փաստաթուղթ պետք է լինի, այն, որ այս կառավարությունը հարյուր անգամ պետք է հրաժարական տար, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, և այստեղ ևս մեր տեսակետը համանկնում է, որ վաղուց այս կառավարությունը պետք է հրաժարական տված լիներ»,- եզրափակեց իր խոսքը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը: