Կառավարության վաղվա նիստում կհաստատվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է: Այնուամենայնիվ, ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են` մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման և ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, ՏՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները, ՏՀՏ ենթակառուցվածքների անբավարարությունը»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: