Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպումների շարք է սկսել ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Օրերս ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԲՀԿ ղեկավարը նկատել էր, որ միայնակ հնարավոր չէ Հայաստանը դուրս հանել այս դժվարին վիճակից: Երկրում առաջացած ծանր պայմանների և դրանցից շուտափույթ ազատվելու մասին բավական կոշտ իր տեսակետն էր հայտնել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ նախագահն էլ ԲՀԿ շեշտադրությամբ ամեն ինչի մեղավոր է համարում Տիգրան Սարգսյանին և համոզված է, որ նրա փոփոխությամբ երկրում իրավիճակ կփոխվի:
Այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է նաև Քոչարյան-Ծառուկյան հանդիպում լինի: Ի վերջո այս երկու գործիչներն էլ միևանույն տոնայնությամբ մտահոգ են երկրի ներկա վիճակով: Մեր հարցին ի պատասխան Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ նման առաջարկ չի եղել.«Նման առաջարկ դեռևս չի եղել, ես տեղյակ չեմ: Իսկ թե ինչ կարող է լինել՝ չեմ ուզում քննարկել, գուցե փաստերի շուրջ խոսենք»,- իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը: