Մեծ Բրիտանիան կարող է ապագայում գինու խոշորագույն արտադրողներից դառնալ: Սա կարող է տեղի ունենալ դարի կեսերին, քանի որ կլիմայական փոփոխությունների հետևանքով խաղողի այգիները կտեղափոխվեն հյուսիսային շրջաններ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Denbies ընկերության գլխավոր գինեգործ Մատիե Էլզինգը հայտնել է, որ «Եվրոպայում գինու արտադրությունը, անշուշտ, ձևափոխություններ կկրի կլիմայական փոփոխությունների հետևանքով: Դուք չեք կարող կանգնեցնել գործընթացը, այդ պատճառով էլ պետք է ենթարկվեք դրան»:
Կլիմայի փոփոխության միջազգային խմբի տվյալներով՝ Բրիտանիայում միջին ջերմաստիճանը ավելի արագ է բարձրանում, քան երկրագնդի այլ մասերում:
Գիտական կանխատեսումների համաձայն՝ ապագայում Բրիտանիայում կսպասվի ավելի խոնավ ձմեռ, ավելի քիչ ձյուն և ավելի չոր ամառ:
«Գլոբալ տաքացումը կարող է օգուտ բերել անգլիացի գինեգործներին, ովքեր հնարավորություն կստանան իրենց արտադրությունը ամենաքիչը հինգ, եթե ոչ տասն անգամ ընդլայնելու»,- հայտնել է Plumpton քոլեջի գինեգործության բաժնի վարիչ Քրիս Ֆոսսը: