ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ այսօր նիստերի դահլիճում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:
«Որպես ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթի իրավունք ունի և դրա բովանդակությունը սահմանափակված չէ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքերով, կան պատգամավորներ, ովքեր պարզապես լավ չեն տիրապետում ԱԺ կանոնակարգին: Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի երեկվա այն դիտարկմանը, թե Հերմինե Նաղդալյանը, ով այս օրերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայության պատճառով վարում է նիստերը, չարաշահում է իր լիազորությունները, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց.
«Նա փոքր-ինչ նյարդայնացած էր և այդպես ասաց: Ոչ իմ ռեպլիկները, ոչ էլ իմ վարման վերաբերյալ աշխատանքները վիրավորական և կանոնակարգին չհամապատասանող չեն: Կարծում եմ` կին կոլեգաներով չպետք է միմյանց նկատմամբ սուր որակումներ անենք»:
Անդրադառնալով քվեարկությանը, երբ գրանցված էր, որ կողմ է քվեարկել 65 պատգամավոր, սակայն ինքը հայտարարեց 66-ի մասին, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Լյովա Խաչատրյանի կոճակը չէր աշխատում, դրանից հետո ես հանձնարարեցի, որ այն պատգամավորի կոճակը, ումը չի աշխատում, շտկեն: Պե՞տք էր անպայման Հերմինե Նաղդալյանին «կպնել»: Եթե դուք կարծում եք, որ աշխարհի բոլոր թերություններն իմ հասցեին հնչեցնելով ինձ ավելի գեղեցիկ եք դարձնում, ուրեմն ես շնորհակալ եմ դրա համար»,- դիմելով լրագրողներին` եզրափակեց Հերմինե Նաղդալյանը:
Լիլիթ Առաքելյան