Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:
Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք՝ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:
Հայցին կից Ամիրյանը նաեւ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց: Նշենք, որ դա սահմանված է Քաղաքացիական դատավության օրենսգրքի 128-րդ հոդվածով, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե այդպիսիք չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը: Այդպիսի միջոց է, օրինակ, պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը եւ այլն:
Տվյալ դեպքում հայցվոր Արմեն Ամիրյանը նշել է, որ պատասխանող Հովհաննես Գալստյանը հայցը ներկայացնելու օրվա դրությամբ և կանխատեսելիորեն ապագայում շարունակելու է իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող տեղեկություններ տարածելը, վիրավորանքներ հնչեցնելը, քանի որ այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով իր էջում տեղ գտած մեկնաբանությանը: Նա մասնավորապես գրել է՝ «Ղարիբյանը առնվազն ապահովագրեց ինքն իրեն նոր մեղադրանքներից և շանս ստացավ նվազեցնելու վիրավորանքի ռիտորիկան, որին ես շռայլորեն տուրք եմ տալիս իրենց մեղքը չընդունող չինովնիկների հանդեպ: Ես ընդունում եմ, որ դա էսթետիկ չէ, բայց արդարացի մտածում եմ, որ եթե պետական պաշտոնյան սնվում է իմ հարկերի հաշվին, այն բանի համար, որ հեշտացնի իմ կյանքը կինոյում ու փոխարենը անում է հակառակը, ուրեմն նրան կեղտի հետ շաղախելն էլ քիչ է»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: