Հրազդանի ծննդատանը, ինչպես փաստում են մանակաբարձ-գինեկոլոգները, վերջին տարիներին նվազել է ծնելիությունը: Ամենաշատ ծնունդերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո են եղելˋ հասնելով մինչեւ 1000-1200-ի:
Հրազդանի երկրորդ կարգի ծննդատանը այս տարի ծնունդերի թիվը եղել է 832, որից 172 -ը՝ կեսարյան հատումով: Մանկաբարձ-գինեկոլոգները նշում են, որ ծնունդերի 3-ից 4-ը միշտ տղա է լինում:
Շուրջ 40 տարի Հրազդանի ծննդատան աշխատակից, ծննդօգնության գծով փոխտնօրեն Հենրիկ Նարիմանյանը նշում է, որ կանայք սկսել են ավելի շատ դիմել կեսարյան հատման, քանի որ բացի ցուցումից, շատերը չեն ուզում վնասվածքով երեխա ունենալ:
«Կեսարյան հատումով շատ են ունենում, իհարկե ցուցումով է արվում, երբ խնդիր է լինում: Կեսարյան հատումը ավելացնում է հաջորդ կեսարյան հատումների քանակը, բայց մարդիկ չեն ուզում տրավմայով երեխա ունենալ եւ հիմա օրինակˋ հետույքային առաջածնությունը մենք բնականաբար կեսարյանով ենք անում: Նախկինում ընդունում էինք այդ ծնունդը, բայց՝ երեխային տրավմայի ենթարկելով, իսկ հիմա ոչ ծնողներն են ուզում այդպես, ոչ էլ մենք, եւ կեսարյանով երեխային առանց տրավմայի հանում ենք»,-ասում է Հենրիկ Նարիմանյանը:
Կեսարյան հատումը անվճար է կատարվում: Հրազդանի ծննդատունը սպասարկում է ինչպես ամբողջ Կոտայքի մարզի, այնպես էլ՝ Գեղարքունիքի մարզի հարակից գյուղերի հղի կանանց:
Հրազդանի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները նշում են, որ հիմնականում ընտանիքները նախընտրում են երկու երեխա ունենալ եւ շատ քիչ տոկոսն է, որ ունենում է երեք երեխա:
Կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Իրինա Ասատրյանը նշում է, որ ծննդկաններից շատերը նախընտրում են գնալ այն ծննդատուն, որտեղ իրենց բարեկամն է աշխատում:
«Մենք մայրերի դպրոց էլ ունենք: Մեզ մոտ Ճապոնիայից ներդրումներ են կատարվել, եւ այն, ինչը որ ծրագրով նախատեսվում է հղիների, նրանց սպասարկման եւ հետազոտության համար, ամեն ինչ մեր կենտրոնում կա: Այն, ինչ կապված է հղի բառի հետ, մեզ մոտ ամեն ինչ ավճար է կատարվում, անգամ, եթե ուրիշ մարզից գա ծննդկանը»,-ասում է Իրինա Ասատրյանը:
Լիլիթ Մկրտչյանը, ով իր երկրորդ երեխային է սպասում, նշում է, որ շատ գոհ է Հրազդանի ծննդատան պայմաններից: Առաջնեկին նույնպես ծննդաբերել է այստեղ:
«Ես Չարենցավանից եմ, բայց այստեղ մորաքույրս է աշխատում, դրա համար եմ գալիս այստեղ: Հետո պայմաններն այստեղ ավելի լավն են: Առաջին երեխաս աղջիկ է, այժմ սպասում եմ տղայի: Չէինք պլանավորում, որ տղա լիներ, բայց ցանկալի էր»,-ասում է Լիլիթ Մկրտչյանը :
Վերջին տարիներին, ըստ բժիշկների, Հրազդանում հաճախ են լինում երկվորյակ ծնունդներ:
Բժշկուհի Գոհար Նարիմանյանը նշում է, որ այդ ծնունդների մի մասը ստիմուլացված հղիներն են, բայց վերջին տարիներին բնական ճանապարհով հղիացած կանանց մոտ նույնպես երկվորյակներ ունենալու տենդենց կա:
Լիլիթ Առաքելյան