տուն Լուրեր Կենսաթոշակային պարտադիր վճարին դեմ քաղաքացիները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին

Կենսաթոշակային պարտադիր վճարին դեմ քաղաքացիները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին

237
0

kutakayin_kensatoshak_10

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները սկսել են նոր ստորագրահավաք՝ այս անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու համար:

Նրանք նշում են, որ բոլոր ատյաններինˋ ՀՀ վարչապետին, ԱԺ պատգամավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց եւ դեռեւս ոչ մի դրական պատասխան չստանալուց հետո, մնում է դիմել ՀՀ նախագահին ու նրան ներկայացնել խնդիրը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀԿ-ն բոյկոտեց կուտակային կեսնաթոշակների մասին արտահերթ նիստը, որի անցկացման համար հավաքվել էր 48 պատգամավորի ձայն ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, Ժառանգությունից եւ ԲՀԿ-ից:

«ԿԲ-ի նախագահի տեղակալը ասում է, որ մենքˋ ՏՏ ոլորտի աշխատողներով, փոքր քանակ ենք կազմում, այն դեպքում, երբ որ բյուջեի 1/4-ը ՏՏ-ն է լցնում: Այ նման արհամարհական վերաբերմունք է, եւ մենք անպայման ուզում ենք նշել այդ մասին նախագահին: Այս արհամարհական վիճակը ուղղակի մարդկանց հունից  հանում է, շատ բարի դեմքերով համոզում են, որ սա շատ լավ օրենք է: Մենք հույս ունենք, որ նախագահը մի բան կանի»,-Araratnews.am-ին ասում է ՏՏ ոլորտի մասնագետ Լեւոն Հարությունյանը:

Նա նշում է, որ արդեն 1000 ստորագրություն հավաքվել է, եւ մի քանի օրից, մեծաթիվ քանակով ստորագրություններ հավաքելուց հետո, նամակով կդիմեն նախագահին:

«Նախագահը նշում է, որ ՏՏ-ն ամենակարեւոր ոլորտն է, միգուցե կառավարությունը տեղյակ չէ, որ կարեւոր ոլորտ է»,-հավելում է Հարությունյանը: 

ՏՏ ոլորտի աշխատակից Մանե Թանդիլյանը նշում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառման դեպքում ի հայտ եկող խնդիրները արդիական են ու այսօրվա հետ են առնչվում:

«Մենք պատրաստվում ենք նախագահականին ասել, թե որն է խնդիրը, եւ որ նույն օրենքը գրողները բացարձակապես տեղյակ չեն այդ խնդիրներից: Եթե նախագահը լսի իրեն շրջապատող մարդկանց, որոնք ասում են, որ ՏՏ ոլորտը այն խավը չէ, որը սոցիալական խնդիր բարձրացնի, կարծում եմ, որ նա իսկապես տեղյակ չէ այս օրենքը ինչ խնդիրներ է ստեղծում ՏՏ ոլորտի համար»,-ասում է Թանդիլյանը:

Նախաձեռնության անդամները հույս են հայտնում, որ նախագահը կմիջամտի եւ դա կնպաստի նրան, որ, ի վերջո, վարչապետը դրական կարձագանքի իրենց դժգոհություններին:

«Այլապես ես կարծում եմ, որ այստեղ լուրջ կոմպիտենտության խնդիր կա, որ առանց հաշվի առնելու նման լրջագույն ոլորտի աշխատակիցների խնդիրներն ու բողոքները, մարդիկ օրենք են ընդունում: Եվ այդ օրենքը վերաբերում է հենց այս բնագավառի մարդկանց, քանի որ աշխատավարձերը թափանցիկ են, վճարում են բարձր եկամտային հարկեր եւ հիմա կրկնակի ծանարաբեռնվելու են այդ պարտադիր վճարներով»,- հավելում է Թանդիլյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here