Գործատուների հանրապետական միությունը նամակ է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով կա՛մ ընդհանրապես հանել կենսաթոշակային նոր՝ կուտակային բաղադրիչից «պարտադիր» բաղադրիչը, կա՛մ էլ պարտադրանքը թողնել միայն պետական աշխատողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ կուտակային համակարգը դժվար թե կիրառվի 2014-ի հունվարի մեկից:
«Կարծում եմ, որ կառավարությունը կնահանջի»,- լրագրողներին զարմացրեց Մակարյանը: Տեսնելով, որ լրագրողները թերահավատորեն վերաբերվեցին իր ասածին, Մակարյանը շարունակեց. «Նույն կառավարությունը համառորեն ասում էր՝ Մաքսային միությունում անելիքներ չունենք, սահմաններ չունենք, բայց հետո 1 օրում համաձայնեց, հիմա ինչու՞ եք դուք զարմացել»: Մակարյանն առաջարկեց սպասել ևս 1-2 օր: