տուն Քաղաքական Վերլուծական «Կենսաթոշակայինները» պետք է ձևակերպեն իրենց ինքնությունը

«Կենսաթոշակայինները» պետք է ձևակերպեն իրենց ինքնությունը

405
0

timthumb

Շարունակվում են «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր բաղադրիչի» նախաձեռնության բողոքի տարատեսակ ակցիաները: Այսօր տեղի ունեցավ նաև վերջիններիս կողմից կազմակերպված ավտոմեքենաներով երթը: Մի քանի օր առաջ նույն նախաձեռնության անդամները համակարգչային մկնիկներ էին թողել ԱԺ դարպասների մոտ` դրանով իրենց վերաբերմունքը արտահայտելով օրենքը ամեն գնով կիրառել ցանկացող խորհրդարանական մեծամասնությանը:

Սրանք, իհարկե, խոսում են այս նոր` իր տեսակով սոցիալական շարժման ստեղծագործականության մասին, իսկ նման գործընթացներում ստեղծագործականությունը եթե ոչ կարևորագույն, ապա հաջողության հասնելու առաջնային պայմաններից է:

Սակայն որքան էլ մեծ լինի ցանկությունը մնալ սոցիալական շարժման շրջանակներում, Հայաստանում ուղղակի հնարավոր չէ ունենալ մաքուր սոցիալական շարժում: Ցանկացած խնդիր, որ առաջանում է, իր բնույթով սուր քաղաքական է: Եվ այս դեպքում խոսել ապաքաղաքական շարժման մասին ուղղակի անիմաստ է:

Իշխանական մեդիան անում է ամեն ինչ՝ քաղաքական, քաղաքացիական հակասության կեղծ թեզը նորից դաշտ նետելով, ինչի արդյունքում այս գործընթացի մասնակիցների մի մասը ուղղակի թյուր պատկերացումներ են ունենում այս տերմինների մասին: Հայաստանում հնարավոր չէ լուծել որևէ խնդիր՝ առանց այն քաղաքականացնելու: Հնարավոր չէ լուծման տանող ճնշումները գործադրել պատասխանատուների վրա՝ առանց թիրախավորելու վերջիններիս: Այսինքն՝ հնարավոր չէ ասել, որ օրենքը չպետք է գործի, բայց չխոսել այդ օրենքի հեղինակների, նրանց կուսակցության՝ ՀՀԿ-ի և այդ նույն ՀՀԿ-ի բուրգի գագաթին գտնվող Սերժ Սարգսյանի մասին:

Իհարկե, ցանկացած նման գործընթացում պարտադիր չէ, որ նախաձեռնողներն ու մասնակիցները ունենան քաղաքագիտական գիտելիքներ, կամ լայն պատկերացումներ նման գործընթացների մասին, սակայն կարևոր է չնկնել իշխանական մանիպուլյացիայի փակ շղթայի մեջ: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, այս խավը պետք է ձևակերպի իր՝ որպես առանձին սոցիալական խավի ինքնությունը՝  իր նպատակներով, ցանկություններով, խնդիրներով հանդերձ, որպեսզի  թե ներսից, թե հանրային ընկալման մեջ ընկալվի քաղաքականություն մշակող, թելադրող սուբյեկտ:

Եթե չկա այս ամենը, ապա այն անընդհատ ենթարկվելու է ուրիշների ազդեցությանը, և այս դեպքում այդքան էլ կարևոր չէ այդ ազդեցությունը որ կողմից է, քանի որ այն լինելու է ընդամենը գործող ուժերի շահերի սպասարկում և ոչ հանրային շահին ուղղված գործողություններ:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here