ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի ոլորտում հատկացումներն ուղղվել են թատերական կառույցների հիմնանորոգումներին, տեխնիկական հագեցվածությանն ու անվտանգության համակարգի կատարելագործմանը:
Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,- հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ վերջնականապես լուծվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը: Վերջերս մեկնարկել են շինարարական աշխատանքները: Սա շատ լավ ընդունվեց թատերասեր հասարակության, լրատվամիջոցների կողմից: Եվ այս տարի շենքի կառուցմանը հատկացվել է 46 243 400 դրամ, իսկ հաջորդ տարի շինարարական աշխատանքների համար տրամադրվելու է 166 373 000 դրամ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ խոսել եմ այն մասին, որ թատրոնի նկատմամբ ներկայացվելիք պահանջներն ավելի բարձր են լինելու»,-շեշտեց փոխնախարարը:
Նա հիշեցրեց Երևանի կամերային թատրոնի նոր մասնաշենքի մասին, որը կիսակառույց վիճակում է, և տեղեկացրեց, որ նախարարությունը գումար է հատկացրել շինարարական աշխատանքների համար:
«Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան փողոցում գտնվող շենքը նույնպես կվերանորոգվի, որի համար էլ նախարարությունը տրամադրել է ավելի քան 4 մլն դրամ»,-հայտնեց նա:
Մարզային թատրոնները նույնպես դուրս չեն մնացել նախարարության տեսադաշտից. Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար տրամադրվել է ավելի քան 24 մլն դրամ:
Խզմալյանը հայտնեց, որ հաջորդ տարի կվերանորոգվի Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչի համար հատկացվել է 13.5 մլն դրամ:
Փոխնախարարի խոսքով` Մայր թատրոնի կաթսայատան և ջերմամեխանիկական մասի արդիականացման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար տրամադրել են 650 հազար դրամ, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերանորոգման համար` ավելի քան 4 մլն դրամ: