Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել: Araratnews.am-ի թղթակիցը նոյեմբերի 5-ին տեղի ունեցածի վերաբերյալ կարծիք է խնդրել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանից: Ըստ նրա` երեկ Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կազմակերպած ըմբոստությունը բողոք էր` ուղղված այս տարիների ընթացքում ձևավորված իշխանական համակարգի դեմ: «Իշխանություններն այս տարիների ընթացքում քաղաքացիներին չեն թույլատրել որևէ այլ եղանակ և բնականաբար հասարակության մոտ տրամադրությունները բավականին արմատանում են դրանից հետո, առավել ևս երբ արդարության խնդիրն ավելի է սրվում, սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի է վատթարանում, ինչպես ՀՀ-ում է, բնականաբար այդ ժամանակ այդ արմատական տրամադրություններն ավելի մեծ ծավալ են ընդունում և Շանթ Հարությունյանի արածն ընդամենը դրա մինի արտացոլանքն էր»,-նշել է քաղաքական գործիչը:
Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ երեկվա միջադեպը, արդյոք սա դեռ ունենալո՞ւ է իր տրամաբանական շարունակությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, բայց եթե իշխանությունները խելամիտ գտնվեն և սահուն կերպով իշխանությունը հանձնեն հասարակության աջակցությունը վայելող քաղաքական ուժերին, ապա մենք այդ պոռթկումը չենք տեսնում, հակառակ պարագայում ինչ-որ մի պահի արտագաղթ երևույթը հնարավոր է կանգնի և դրան հետևի պայթունը, որովհետև այս պահի դրությամբ, իշխանությունների բուռն աջակցությամբ պոտենցիալ էներգիան կինետիկի վերափոխվում է արտագաղթի տեսքով, իսկ հնարավոր է, որ մի պահ գա, երբ իսկապես ներքին պայթուն տեղի ունենալ՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով, և երեկվա այդ միջադեպը կարող է հետագայում ավելի ծանր հետևանքներ ունենալ»,-եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը:
Էմմա Պալյան