Կենտրոնական բանկը անցած շաբաթ՝ հունիսի 16-22-ը ընկած ժամանակահատվածում, արտարժույթի շուկայից 5.6 մլն դոլար է գնել: Սա երևում է ԿԲ այսօր հրապարակած տվյալներից: ԿԲ-ն 900 հազար դոլար էլ գնել էր նախորդող շաբաթվա ընթացքում՝ հունիսի 9-ից 15-ին: Իսկ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, ամբողջ մայիս ամսին ու ապիլի երկրորդ կեսին ԿԲ արտարժույթի շուկայում ոչ մի գործարք չի իրականացրել (ոչ ձեռք է բերել դոլար, ոչ էլ վաճառել):
Սա ցույց է տալիս, որ վերջին երկու շաբաթներին հանրապետությունում դոլարի քանակությունը մեծացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը նվազել է: Միջին փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, վերջին 2 շաբաթներին նվազել է մոտ 4 դրամով՝ կազմելով 409.5 դրամ:
Դոլարի քանակության ավելացումը պայմանավորված է կամ օտարերկրյա ներդրումների ավելացմամբ, կամ՝ արտաքին մասնավոր տրանսֆերտների ավելացմամբ կամ էլ վարկային միջոցների ստացման ու օգտագործմամբ: Քանի որ հունիս ամսվա տվյալները դեռ ամփոփված չեն, դժվար է կոնկրետ գնահատականներ տալը: Սակայն մինչև ապրիլ ամիս և՛ առևտրային փոխանցումները, և՛ ոչ առևտրային փոխանցումների աճը նվազման միտում էր դրսևորում: