տուն Տնտեսական ԿԲ-ն 0.5 մլն եվրոյով համալրեց EFSE-ի կապիտալը, իսկ վերջինս 25 մլն դոլարի...

ԿԲ-ն 0.5 մլն եվրոյով համալրեց EFSE-ի կապիտալը, իսկ վերջինս 25 մլն դոլարի փոխառություն տվեց ՀՀ բանկերին

105
0

ստորագրում

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) այսօր Հայաստանի Կենտրոնական բանկի և երկու առևտրային բանկերի հետ ստորագրեց համագործակցության համաձայնագրեր, որով Հիմնադրամը ստացավ 300 մլն դրամի (մոտ 0.5 միլիոն եվրոյի) հավելյալ կապիտալ՝ Կենտրոնական բանկի դուստր ձեռնարկության՝ Փոքր և Միջին Բիզնեսի Վարկավորման Աջակցություն ՓԲԸ-ից, իսկ հայկական բանկերը Հիմնադրամից ստացան ընդհանուր 25 միլիոն դոլար ծավալի փոխառություն: «Հայաստանի կենտրոնական բանկում մենք գտել ենք պատասխանատու ֆինանսավորման հզոր խթան: Նորարարական և արդյունավետ միջոցներով, ԿԲ-ն նպաստում է ՓՄՁ-ների համար տեղական արժույթի ֆինանսավորմանը՝ այդպիսով մեղմացնելով արտարժույթի ռիսկերը»,- ասաց EFSE-ի խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը:

Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ուրախ է տեսնել, որ EFSE-ի պորտֆելը շարունակաբար աճում է թե՛ գումարի (ֆինանսների), և թե՛ գործընկեր ֆինանսական ընկերությունների քանակի տեսակետից: «Կենտրոնական բանկի դուստր ձեռնարկության հետագա ներդրումները EFSE-ի կապիտալում հնարավորություն կտա Հայաստանի վարկային կազմակերպություններին ստանալ հավելյալ ֆինանսական օժանդակություն՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար նախատեսված EFSE-ի տեղական արժութային պատուհանով: Հույս ունենք, որ իր հերթին EFSE-ն կխթանի ներդրված ֆինանսական միջոցները և կհամագործակցի Հայաստանում տեղական արժույթով իր ներդրումների հետագա աճի խթանման ուղղությամբ»,- ասաց Ա. Ջավադյանը:

Ինչ վերաբերում է 25 միլիոն դոլար փոխառությանը, որ ստացան Հայաստանի երկու առևտրային բանկերը EFSE-ից, ապա այդ գումարները կուղղվեն փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

2014-ի երրորդ եռամսյակում EFSE-ն կունենա 43.9 մլն եվրո շրջանառվող ներդրումներ Հայաստանում: Դա 11.7%-ով ավելի մեծ շրջանառություն է, քան կար 2012-ի վերջին:

EFSE-ն հիմնվել է Գերմանիայի զարգացման բանկի (KfW-ի) նախաձեռնությամբ և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի գործունեությունը միտված է տնտեսության և ընդհանուր բարեկեցության զարգացման օժանդակությանը հարավ-արևելյան Եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:  Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում տեղի ֆինանսական հաստատություններին՝ փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ցածր եկամուտներով մասնավոր տնային տնտեսությունների վարկավորման համար: