Ինչպես 2013 թ. առաջին, այնպես էլ երկրորդ կիսամյակում պահպանվել է անշարժ գույքի շուկայում բնակարանների գների աճի միտումը` նպաստելով անշարժ գույքի գների հնարավոր բացասական տատանումներից բխող ռիսկերի զսպմանը: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի՝ այսօր հրապարակված ֆինանսական կայունության հաշվետվությունում: Գների աճ (5.5%) դիտարկվել է Երևանի բոլոր համայնքներում, ընդ որում` առավել բարձր աճ արձանագրվել է Նոր Նորք և Աջափնյակ համայնքներում, որտեղ բնակարանների գները համեմատաբար ցածր են: Այնուամենայնիվ անշարժ գույքի գները շարունակում են զիջել 2008 թ. ցուցանիշը: Դա զգալի է հատկապես
Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ համայնքներում: Բնակարանների գները 4.3%-ով բարձրացել են նաև ՀՀ մարզերի քաղաքներում և շարունակում են անհամեմատ բարձր մնալ Ծաղկաձորում, Վաղարշապատում և Աբովյանում:
Միևնույն ժամանակ, ՀՀ առևտրային բանկերը, ելնելով իրենց ռիսկերի կառավարման անհրաժեշտությունից, շարունակել են կիրառել պահպանողական մոտեցում և վարկ/գրավ հարաբերակցությունը հիմնականում սահմանել են 60-80% միջակայքում: Շնորհիվ այս հանգամանքի՝ անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը ֆինանսական կայունության
տեսանկյունից նշանակալի չեն եղել:
«Համաձայն ՀՀ ԿԲ հարցման արդյունքների՝ առուվաճառքը համեմատաբար ակտիվ է եղել անշարժ գույքի երկրորդային շուկայում, մինչդեռ նորակառույց բնակարանների շուկայի ակտիվությունը գնահատվում է բավականին ցածր»,- ասված է ԿԲ հաշվետվության մեջ: