տուն Քաղաքական Հայաստան Կարևոր է, որ այդ փաստաթուղթը սխալ ձեռքերում չհայտնվի. Տաթևիկ Ռևազյան

Կարևոր է, որ այդ փաստաթուղթը սխալ ձեռքերում չհայտնվի. Տաթևիկ Ռևազյան

305
0
Տաթևիկ Ռևազյան, Գալուստ Պողոսյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը առցանց հարթակի միջոցով պատասխանում են քաղաքացիների հարցերին։

Անդրադառնալով Հայկական քաղավիացիայի մասին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության զեկույցի հրապարակման հարցին՝ Գալուստ Պողոսյանը նշեց, որ սա նախնական տարբերակն է:

«Փորձեմ նկարագրել այս ամենի ձևաչափը. զեկույցը բաղկացած է չորս մասից. A, B, C, D: Առաջին մասը, կարելի է ասել, ընդհանուր ներկայացումն է. թե ով է եկել այցի, ուր են գնացել, ինչ ժամկետներում: Երկրորդ մասը վերաբերում է կոմիտեի դիտարկումներին: Երրորդ մասը մեկ ավիաընկերությանը, և չորրորդ մասը՝ մյուս ավիաընկերությանը: Ընդ որում, առաջին մասում հստակ գրված է, որ կոմիտեն տրամադրում է ավիաընկերություններին միայն առաջին մասը և իրենց վերաբերող մասը: Եվ չի տրամադրում կոմիտեին վերաբերող մասերը, և չի տրամադրում ավիաընկերությունների վերաբերյալ դիտարկումները: Սա, արդեն իսկ, նշանակում է, որ այն հրապարակման ենթակա չէ… Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության դիտարկումներն ուղղված են եղել միայն ավիաընկերությունների հետ համագործակցության հարցերին և թռիչքների անվտանգությանը: Մենք ինքներս որոշ հատված ներկայացրել ենք ավիանավիգացիաների ու ավիադրոմների ոլորտից: Զեկույցում որևիցե անդրադարձ դրա վերաբերյալ չկա, և ես կարող եմ արձանագրել ու հայտարարել, որ օդանավակայանն իրականացնում է իր գործառույթները բարձր մակարդակով՝ ապահովելով ամբողջ ծավալի թռիչքների անվտանգությունը»,- նշեց Գալուստ Պողոսյանը:

Տաթևիկ Ռևազյանն իր հերթին հավելեց, որ 2015 թվականին Միջազգային քաղավիացիան նույնպես Հայաստանին վերաբերող իր զեկույցն ամբողջովին չի հրապարակել:

«Այստեղ խնդիրը նրանում չէ, որ մենք թաքցնելու բան ունենք, որովհետև իրականում այն տեխնիկական զեկույց է, և մենք խնդիր չունենք: Գիտենք, որ մենք լուրջ խնդիրներ ունենք և այդ խնդիրները պետք է լուծենք. և նշված չէ՝ վերջին երկու տարին է, հինգ տարին է, թե տասը տարին է: Նման հատված զեկույցում չկա: Եվ կարևոր է, որ այդ փաստաթուղթը սխալ ձեռքերում չհայտնվի: Այն կարող է ոչ բարեկամ պետությունների ձեռքում հայտնվել, և ես արդեն չեմ կարող գնահատական տալ, թե ինչ կկատարվի»,- ընդգծեց Ռևազյանը:

Օլյա Շահինյան