Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ հերթական անգամ ներկայացնելով Թուրքիայի ժխտողական թեզերը: Այս մասին տեղեկանում ենք haberturk.com կայքից:
«Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար պայմաններում 1915 թվականի ապրիլի 24-ի վերաբնակեցման մասին որոշումը հայ ժողովրդի ոչնչացմանն ուղղված քաղաքականության արդյունք չէր: Թուրքիայի պետությունն ու ժողովուրդը ոչ մի կերպ չի համակերպվելու այս ստի ու զրպարտության հետ»,-ասել է Քալընը:
Խոսնակը մեղադրել է նաև Հայաստանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առաջարկներն «անպատասխան թողնելու համար»: Արձանագրությունները Քալընն անվանել է կարևոր քայլ նույնիսկ Արցախի հարցի լուծման համար, բայց շեշտել է, որ «հայկական կողմը դրանք անտեսել է»:
«Որոշ հակաթուրքական շրջանակներ ցեղասպանության լոբբինգ են անում և կեղծում են պատմական փաստերը»,-նշել է խոսնակը:
Իբրահիմ Քալընի այս ելույթին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«6 տարի շարունակ Էրդողանը ցավակցում էր հայ ժողովրդին ապրիլի 24-ին: Այս տարի նա իր խոսնակին է գրել-տվել պետության 105 տարվա ժխտողական քաղաքականության մասին տեքստը: Ցավալի է: Այլևս ոչինչ չի կարելի սպասել Թալեաթի ու Էնվերի քաղաքականությունը շարունակող մարդկանցից»,- գրել է հայազգի պատգամավորը: