տուն Աշխարհ Կարո Փայլանը հայ, հույն և հրեա կրոնական ներկայացուցիչների զրպարտության վերաբերյալ հարցում է...

Կարո Փայլանը հայ, հույն և հրեա կրոնական ներկայացուցիչների զրպարտության վերաբերյալ հարցում է ուղղել Թուրքիայի խորհրդարանին

210
0

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը խորհրդարանին հարցում է ուղղել «Gerçek Hayat» ամսագրում հայտնված հոդվածի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Ամսագրում տպագրված հոդվածներից մեկում հայկական, հունական և հրեական համայնքների կրոնական ներկայացուցիչները անվանվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական «Ֆեթո» շարժմանը կից օրգան: Ամսագիրը նշել է նաև, իբր շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հայրը հայ է, իսկ մայրը` հրեա:

Այս առնչությամբ հայազգի պատգամավորը հետևյալ 4 հարցն է ուղղել խորհրդարանին.

« 1. Արդյո՞ք մեր երկրում փոքրամասնությունները պալատական լրատվամիջոց համարվող Albayrak մեդիա խմբին պատկանող «Gerçek Hayat» ամսագրի կողմից նպատակաուղղված են դառնում ատելության խոսքի թիրախ:

2. Երբևէ չե՞ք մտածել, որ նախագահի ու լրատվամիջոցների կողմից տարածվող ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելության հողի վրա այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են Հրանտ Դինքի սպանությունը, Սանտորոյի կամ Zirve հրատարակության դեպքերը:

3. Արդյո՞ք կառավարության բոլոր անդամները չեն մասնակցել «Գյուլենական համայնքի» միջոցառումներին, որոնց մասնակցության համար ամսագիրը մեղադրում է փոքրամասնություններին:

4. Երբ Գյուլենը քայլում էր Էրդողանի հետ, դուք նրան «հարգելի հոջաէֆենդի» (մեծ պարոն) էիք անվանում, մի՞թե նրան այսօր հայ անվանելով վիրավորելը ռասիզմ կամ անբարոյականություն  չէ»: