Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի երիտասարդները նպատակային կրթություն ստանան և մադրկ, դառնալով մասնագետներ, կարողանան իրենց ապահովել աշխատանքով: Նախարարի ներկայացմամբ նախարարությունը բավական քայլեր է իրականացրել, որպեսզի կրթություն ստանալը մարդկանց համար բարդություններ չառաջացնի.«Հանեցինք ընդունելության քննությունները՝ բացառությամբ նեղ մասնագիտական առարկաներից: Մարդը կարող է գալ ատեստատի միջին բալով ընդունվել ԲՈՒՀ: Այս քայլը նաև հակակոռուպցիոն քայլ էր»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ կատարված քայլերի արդյունավետությունը նկատելի է: Արմեն Աշոտյանը իր խոսքում նաև անդրադարձ կատարեց մասնագիտությունների ընտրության հարցին.«Կարևոր է, որպեսզի ծնողները հասկանան, որ ավելի լավ է իրենց երեխան դառանա լավ վարսավիր, քան հերթական իրավաբան կամ բժիշկ:Մարդը կարող է ավարտել ԲՈՒՀ, բայց չաշխատել իր մասնագիտությամբ: Մարդը կարող է ավարտել միջին մասնագիտական, բայց գնալ և դառնալ հրաշալի արհեստավոր և, կներեք արտահայտությանս համար, 600 հազար դրամով «կաֆել խփել»: Այսօր շուկայում ատաղձագործի պահանջարկը մեծ է, բայց այդ արհեստը սովորել ցանկացողները քիչ են: Կարող է լինել դեպք, երբ բժշկական ավարտած մարդը այդ աշխատանքով զբաղվի»,- ասաց նախարարը: