ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ունեցած իր ելույթում պատգամավոր Արման Բաբաջանյանը, մասնավորապես, նշեց.
«Դժբախտաբար պետք է նշեմ, որ մենք վերջին օրերին վտանգավոր ծավալներով համավարակի ուժգնացում ունենք, և թվերը գնալով ավելանում են: Տանը մնալու անհրաժեշտությունը դեռևս շարունակում է համարվել կենսական, քանի որ եթե վարակի տարածման տեմպերը շարունակվեն վերջին օրերի դինամիկայով, մենք կարող ենք ունենալ կառավարելիությունից դուրս իրավիճակ՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով: Թվում էր, թե այս իրողությունը պետք է ակնհայտ լիներ պետական և կառավարման բոլոր օղակների համար, սակայն երկրորդելով իմ գործընկերոջը՝ պարոն Սիմոնյանին, ասեմ, որ չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները ղեկավարած հանձնաժողովի տարածած այսօրվա հայտարարությունը: Ես չեմ քննարկում, թե մեր քաղաքացիներն ունեն անհրաժեշտ միջոցներ կոմունալ վճարումները կատարելու համար, բայց բուն տեքստը, որ ֆորսմաժորը հաղթահարված է, ինքնին վտանգավոր է, և դա առաջացնում է ռիսկեր, որ մարդիկ կարող են ուղղակի ավելի հանգիստ նայել ստեղծված իրավիճակին և հաղթահարված համարել համավարակը: Եվ սա ուղղակի անթույլատրելի է. ես դատապարտում եմ Կառավարության և նշված հանձնաժողովի այս հայտարարությունը: Սա, ըստ էության, համավարակի հաղթահարման իմիտացիա ստեղծելու փորձ է և կոչ եմ անում քաղաքացիներին չթուլացնել զգոնությունը, քանի որ, ցավոք, կորոնավիրուսը դեռևս շարունակում է տարածվել: Որևէ տնտեսական նպատակ, այդ թվում՝ բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների վճարումները չեն կարող արդարացնել այն վտանգը, որ ստեղծվում են նման անհամարժեք ու անիրական հայտարարություններով: Պետությունը պարտավոր է գտնել մեխանիզմներ քաղաքացիների կոմունալ վճարումների խնդիրը գոնե ժամանակավորապես լուծելու համար: Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման իմիտացիայի փորձը վստահաբար այդպիսի լուծում չէ և հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով: Մնացեք տանը և առողջ եղեք»: