Արարատի մարզի Գոռավան համայնքում այսօր ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է: Համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանն ասում է, որ այդ իսկ պատճառով գյուղացիները հիմնականում ցորեն են մշակում:
«Ջուր չլինելու պատճառով մեզ մոտ ոչ լոլիկ են մշակում, ոչ վարունգ, բանջարեղեններ չկան, շատ քիչ են: Մեզ մոտ խորքային ջրեր չկան, ոռոգման ջուր չկա: Ամբողջ գյուղում 550 հեկտար սեփականաշնորհած տարածքներ ունենք: Պատկերացրեք, որ դրանց կեսը չի մշակվում, կեսում էլ միայն ցորեն է աճեցվում: Հիմա նախագծային աշխատանքներն են ընթանում, որ ջրհոր կառուցվի գյուղի համար, ինչը կօգնի լուծել ոռոգման խնդիրը»,-ասում է համայնքի ղեկավարը:
Գյուղը ունի 3000 բնակիչ, որից 2400-ն է ներկա պահին բնակվում: Համայնքի բնակիչների 15 տոկոսը ամեն տարի մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի:
«Այստեղ գյուղում հանք կաˋ մարմարի քար են հանում: Մոտ 100 հոգի գյուղից աշխատում է այդ հանքում, բնակչության հիմնական մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ընտանիքներ կան պանրի փոքր արտադրություն ունեն: Բայց խանութները գնալով փակվում են գյուղում: Առաջ ութ խանութ էր, հիմա 6 խանութ է, որովհետև մարդիկ պարտքերով են աշխատում, փակում են վերջում խանութը»,-ասում է Արսեն Բազիկյանը:
Գյուղապետը նշում է, որ այս տարվա ցրտահարությունը վնասել է նաև իրենց գյուղի ծիրանի բերքը, որը կազմում է մոտ 55 հա տարածք:
«Հիմա Կառավարությունը գումարներ է տրամադրել բերքի վնասը փակելու համար: Ջրի մոտ 50 տոկոսն են փակել, հողի վարկը, բացի այդ գյուղացիները ստացել են ձմերուկի, լոլիկի, վարունգի սերմ»,-ասաց Բազիկյանը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ է անում գյուղացին լոլիկի ու վարունգի սերմը, երբ վնասվել է ծիրանի բերքը:
«Դե հիմա ծիրանի ծառերի արանքում վարունգ, լոլիկ գոնե կցանեն, որ կարողանան իրենց հոգսը թեթևացնել: Ես էլ եմ ցանել ձմերուկի սերմ, տեսնենք ինչ կլինի: Շատ մեծ վնաս կրեց էս տարի ծիրանը»,-ասում է Բազիկյանը:
Լիլիթ Առաքելյան