Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի լիազորությունները դադարեցվելու և նրա փոխարեն այլ օմբուդսմեն «նշանակվելու» մասին մամուլի տեղեկությունը սխալ ձևակերպում է որակում։ Tert.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հնարավոր է նրան պարտադրեն սեփական կամքով հրաժարական տա։
Նրա խոսքով՝ ՄԻՊ–ին աշխատանքից ընդհանրապես հեռացնելու մի քանի ծայրահեղ դեպք կա։ «Առաջինն ամենաընդունվածն է Հայաստանում՝ իրեն պարտադրեն, որ ինքը հրաժարական տա։ Սա կախված է զուտ Կարեն Անդրեասյանի բնավորությունից, խառնվածքից»,– ասաց նա։
«Երկրորդը՝ պետք է իրենց բռնեն, այսինքն՝ հանցագործության համար կարողանան ինչ-որ գործ հարուցել։ Եվ երրորդը՝ ինչը հազվագյուտ կարող է լինել, այն է, որ ԱԺ-ն կարողանա գտնել այնպիսի հիմքեր, որոնք թույլ կտան հարցը դնել քննարկման»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթն անդրադարձել էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վերջերս արած աղմկահարույց հայտարարությանը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիայի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր շատերը սպասում են նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային գնահատականին կամ կոնկրետ քայլերին այդ հայտարարության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով՝ հնարավոր է Անդրեասյանի լիազորությունները դադարեցվեն։
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ չի կարող ասել, թե ՄԻՊ–ի թե ինչ ճնշում կգործադրվի Կարեն Անդրեասյանի վրա, և եթե այդպիսին լինի, ապա ինչպես կդիմանա Կարեն Անդրեասյանը դրան։
Մանրամասները` tert.am — ում :