ԱԺ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Զեկուցողը ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էր, որը նշեց, որ օրինագծում կա կարևոր դրույթ, որը վերաբերում է լիցենզավորման պահանջի ժամկետի փոփոխությանը:
«Նախագծի ընդունումը թույլ կտա լիցենզավորման և հավաստագրի տրամադրման գործընթացն անցնել անցնցում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարելի՞ է դեղը գովազդել և անունը դնել տեղեկատվության փոխանցում՝ փոխնախարարը պատասխանեց, որ դեղամիջոցները կարելի է գովազդել. սահմանված ընթացակարգ կա:
«Կարգավորումը հստակ սահմանում է, թե ինչ խումբ դեղորայքի մասով և ինչ նպատակով է իրականացվում իրազեկումը: Փոփոխությամբ ԱՆ-ն իր քաղաքականությունն իրականացնելու ընթացքում ավելի ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն կստանա։ Այսօրվա կարգավորմամբ՝ լիազոր մարմինը չի կարողանում ճիշտ և ամբողջական տեղեկատվություն փոխանցել, փարատել պացիենտի կասկածները»,- նշեց Ավանեսյանը: