Մենք սահմանափակել ենք մարդկանց տեղաշարժը, մոտ մեկ շաբաթ է, ինչ երկիրն ամբողջովին փակ է, կարանտինի մեջ, որը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով: Այդ մասին այսօր «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք արագ չեղարկեցինք վիզայի ազատականացման ռեժիմը: Փակեցինք նաև մեր հարևան Իրանի հետ սահմանը: Շատ արագ ենք արձագանքել ու քայլեր ձեռնարկել, որում, կարծում եմ, մենք հաջողել ենք: Ամբողջ կառավարությունը մոբիլիզացվել էր»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին, վարակը ներթափանցել էր Իրանից: Երկրորդ և երրորդ դեպքերը՝ Իտալիայից:
«Հայաստանն առերեսվել է առանձնահատուկ մարտահրավերի, քանի որ Չինաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմն ուժի մեջ էր մտել հենց այն ժամանակ, երբ այդ երկրում սկսվել էր կորոնավիրուսի համաճարակը: Ի՞նչ միջոցներ ենք մենք կիրառում: Հայաստանի կառավարությունն իրականացնում է այն քայլերը, որոնք առաջարկում է ԱՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ միջազգային հանրությունը: Մենք սահմանափակել ենք մարդկանց տեղաշարժը, մոտ մեկ շաբաթ է, ինչ երկիրն ամբողջովին փակ է, կարանտինի մեջ, որը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով»,- նշել է Թորոսյանը: