ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին:
Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես՝ հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաեւ բուհից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելուն միտված համատեղ քայլերի ձեռնարկումը:
Գեղամ Գեւորգյանը իր խոսքում նշել է, որ «Ամբերդ» կենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձ ունեն՝ հիշատակելով նախորդ տարի կարագի շուկայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնի տրամադրած վերլուծությունը, որն անչափ օգտակար եղավ, եւ հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել եւ խորանալ: Մասնավորապես առաջարկել է այս տարի նույնպես համագործակցել ապրանքային շուկաներում կատարվող ուսումնասիրությունների շրջանակում՝ ընտրելով հինգ շուկաներից որեւէ մեկը:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն իր հերթին կարեւորել է պետական մարմինների հետ փոխշահավետ համագործակցությունը, որը դրական արդյունքներ է արձանագրում: