Այսօր տեղի ունեցած կառավարության նիստը նախորդներից առանձնանում էր միայն նրանով, որ քննարկվող հարցերի բնույթից ելնելով կառավարության անդամները նիստին ներկայացել էին զինվորական համազգեստներով: Մեծ հաշվով արտառոց ոչինչ էլ չկա զինվորական համազգեստով կառավարության նիստ անցկացնելու մեջ` զավեշտից բացի:
Հայաստանյան բոլոր պետական մարմինները այդպես էլ չեն գիտակցում, որ նման թամաշաներով վաղուց արդեն հասարակական գիտակցությանը հնարավոր չէ սնել: Պետական իշխանության բարձրագույն մարմինները այդպես էլ չհասկացան ձևի և բովանդակության տարբերությունները: Նույն այս տրամաբանությամբ, ոստիկանությունում ոստիկանապետի անմիջական հսկողությամբ փոխվեց ոստիկանական համազգեստը` դառնալով աչքի համար ավելի հաճելի, սակայն առաջին իսկ առիթի դեպքում ոստիկանները ցույց տվեցին, որ համազգեստի ներսում ոչինչ չի փոխվել:
Ասվածի վառ ապացույցն են Կոմիտաս 5-ում, քաղաքապետարանի մոտ և բազմաթիվ այլ վայրերում քաղաքացիական բողոքի ակցիաների և քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունները: Նույն տրամաբանությամբ փոխվեց նաև ՀՀ ԶՈՒ համազգեստը, սակայն դրանից բանակում բռնությունները, սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը չնվազեցին և բնականաբար չէին էլ նվազելու, քանի որ հերթական անգամ շեշտը դրվել էր ձևի և ոչ թե բովանդակության վրա: Վերջին տասնհինգ տարում Հայաստանի բոլոր կառավարությունները ևս հիմնական շեշտադրումը կատարեցին ձևի, արտաքին շոուի վրա, իսկ կառավարության ծրագրերը մնացին որպես բարի ցանկությունների հավաքածու:
Հրավիրված նիստին համազգեստով ներկայանալով մեր նախարարներն ու վարչապետը հերթական անգամ իրենց դրեցին զավեշտի մեջ, քանի որ Հայաստանի պաշտպանունակությունը դրանից չբարձրացավ, Սփյուռքի նախարարի «կոմուֆլյաժը» չենք կարծում, որ ազդակ կդառնա, որպեսզի հարյուր հազարավոր արտագաղթածներ ետ վերադառնան, և զորակոչային տարիքի տղաների պակասի պատճառով աշնանային զորակոչը չհետաձգվի, իսկ ծառայողներն էլ ժամանակին վերադառնան ընտանիք: Եվ ընդհանրապես զարմանալ կարելի է, թե մի ամբողջ կառավարություն ինչպես կարող է զբաղվել այդօրինակ աչքակապությամբ ու հայտնվել նման զավեշտալի իրավիճակում: Այս նույն տրամաբանությամբ բժշկական ոլորտի հարցերին նվիրված նիստին կառավարությունը պետք է ներկայանա բժշկական սպիտակ խալաթներով և այդպես շարունակ: Եվ վերջապես պետք է նշել, որ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, կամ ավելի ճիշտ՝ մեր կառավարությունն այնպիսի իրավիճակում է, որ քննարկման առարկա է դառնում միայն այն՝ թե ինչ հագուստով էին ներկայացել կառավարության անդամները: Սա վկայում է արդեն կառավարության ձախողման ու անարդյունավետության մասին: