Վարչապետ Տիգրան Սարգսյանի համար խնդիր է դարձել խորհրդարանական չորս կուսակցությունների համագործակցությունը՝ ուղղված իր պաշտոնավարման դեմ: Ըստ շրջանառվող տեղեկությունների Տիգրան Սարգսյանը այս պրոցեսի դեմ հակաքայլեր է նախապատրաստում: Իր համար գլխացավանք դարձած այս կուսակցությունների մեջ «կռիվ գցելը» լավագույն լուծումը կլինի: Եվ այս ուղղությամբ բավական ակտիվ աշխատանքներ են տարվում: Այս տեսանկյունից խոցելի է ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը, որը խոցելի է դառնում, երբ հիշեցվում են 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերը: Եվ ահա վարչապետին աջակցող քաղաքական դեմքերին հրահանգ է իջեցվել հաճախ լրատվամիջոցների հետ զրույցներում հիշեցնել այս հանգամանքի մասին:
ԲՀԿ ներսում պառակտում մտցնելը ևս վարչապետի ծրագրերի մեջ է մտնում: Եվ ահա այստեղ թույլ օղակ է ԲՀԿ գործարար թևը: Ինչպես արդեն մի քանի անգամ հրապարակվել է որոշ լրատվամիջոցներում ԲՀԿ որոշ գործարարներ կատարում են պարտադիր կուտակային կենսաթոշակի համար նախատեսված պահումները, և սա այն դեպքում, երբ կուսակցությունը միացել է կուտակայինի դեմ պայքարին: Հնարավոր է, որ այս առումով ԲՀԿ-ում որոշակի դժգոհություններ սկսվեն, և չի բացառվում, որ կառավարության հետ հիմնական «մարտից» առաջ որոշ գործարարներ լքեն ԲՀԿ-ն: