տուն Լուրեր Կառավարությունը փորձում է թողնել պարտադիրը՝ հանելով պատժամիջոցները. Զուրաբյան

Կառավարությունը փորձում է թողնել պարտադիրը՝ հանելով պատժամիջոցները. Զուրաբյան

62
0

Levon-Zurabyan5

Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ քառօրյայում ներկայացրեց խմբակցության տեսակետը Պարտադիր կուտակայինի շուրջ պտտվող փոփոխությունների հետ կապված:

«Չորս քաղաքական ուժեր և «Դ!եմ եմ» շարժումը համախմբվել է Պարտադիր բաղադրիչի դեմ: Մենք հասկանում ենք, որ մեր սեփականությունը ոչ ոք չի կարող տնօրինել բացի մեզանից, իհարկե, չհաշված որոշակի սահմանադրական որոշումներ: Ճիշտ է, Սահմանադրական դատարանի պատասխանը մեզ այդքան էլ չգոհացրեց, բայց, փաստորեն, ճանաչեց պարտադիր բաղադրիչները հակասահմանադրական և անվավեր, բայց չգիտես ինչի հետաձգեց անվավեր դառնալու որոշումը մինչև սեպտեմբերի 30-ը:

Այնուամենայնիվ, ամենակարևոր արդյունքն այն էր, որ մեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանը ճանաչեց որպես ճշգրիտ: Սրանից հետո կառավարությունը պետք է դադարեցներ գանձումը և վերադարձներ գանձված, իրականում բռնագանձված գումարները: Իսկ ի՞նչ արեց կառավարությունը: Ընտրեց լարվածությունը թուլացնելու, ակտիվ քաղաքացիական ալիքը մինիմալ զիջումներով թուլացնելու տարբերակը: Մեզ ոչ թե փորձում են վերադարձնել գումարները, այլ բանակցում են հնարավորինս քիչ գումար վերադարձնելու համար:

Կառավարությունը փորձում է թողնել պարտադիրը՝ հանելով պատժամիջոցները: Երկրորդը՝ նա առաջարկում է քաղաքացիներին իրենցից  բռնագանձված գումարի ստացման պասիվ իրավունք: Առանց սեփականատիրոջ քաղաքացուց վերցրել են իր գումարը, և ասում են, որ հետ կստանա գումարը, եթե գրի հատուկ դիմում: Պարզ է ինչի համար է դա արվում: Այդ իրավունքից կօգտվեն ընդամենը ամենաակտիվ, ամենագիտակից քաղաքացիները, և դա կհանդարտեցնի առավելագույն ակտիվ մարդկանց, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է ոչ մի բանի տեղ չդնել: Էդ նույն բանն է, որ ասենք ինչ որ հորդաներ գան թալանեն բնակչությանը, հետո տեսնեն խնդիր կա, ասեն ով կգա կհայտնվի մեզ մոտ, նրանից թալանվածը կվերադարձնենք, հասկանալով որ կգա ընդամենը 1%ը»,- եզրափակեց պատգամավորը: