Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը վարչապետի հանձնարարությամբ այսօր ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու կենսաթոշակային բարեփոխումներն ու դրանից բխող պարտադիր կուտակային համակարգի ներդրումը:
Հիշեցնենք, որ երբ Ազգային ժողովում ոչ իշխանական պատգամավորները սկսեցին ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի արտահերթ նիստ նախաձեռնել, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում նախարարներին կոչ արեց ակտիվ լինել ու հանրությանը մանրամասն ներկայացնել այս բարեփոխումները:
«Բացարձակապես անհիմն մեղադրանքներ են, այս բարեփոխումները շատ երկար քննարկվել են, մանրամասն հենց ԱԺ-ում է քննարկվել: Հակասահմանադրականության վերաբերյալ պնդումներն ավելի քան ծիծաղելի են, քանի որ հարցը մանրամասն քննարկվել է: Կան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն սահմանադրություններ, ոչ պակաս են պաշտպանում իրենց քաղաքացիներիի իրավունքները, բայց այդ երկրներում նույնպես կիրառվում է այդ համակարգը»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հարցադրում է արել՝ հարկ վճարելը հակասահամանդրական չէ, չէ՞: «Սա հարկ չէ, ոչ էլ տուրք է, սա գումար է, որը ես և դուք կուտակում ենք մեր անձնական հաշվին: Այդ առումով սեփականության հետ կապված խնդիրներ չեն կարող առաջանալ: Եթե, Աստված մի արասցե, մարդը մինչև 63 տարեկան չապրի, այդ գումարն անցնում է ժառանգներին»,- ասել է նախարարը:
Ֆինանսների նախարարը որպես օրինակ բերել է ԱՊՊԱ-ն՝ նշելով, որ սա այն օրինակն է, որը պարտադրում է ծախս կատարել, վերջիվերջո դա հակասաահմանադրական չէ և շատ լավ օրինակ է:
Արտեմ Ասատրյանն էլ ավելացրել է, որ Սահմանադրության այն հոդվածները, որոնցով Հայաստանը ինքնիշխան ու ժողովրդավար երկիր է, սոցիալական ապահովության ձևերը սահմանվում են օրենքով: «Այստեղ սահմանադրականությունն այն է, որ պետությունն ապահովում է իր քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը»,- նշել է նա:
Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ կառավարության անդամները պատրաստ են մանրամասն բացատրել համակարգը, բայց պատրաստ չեն կրկին մտնել դեբատների մեջ, քննարկել՝ սահմանադրական է սա, թե ոչ: «Պատրաստ չենք, քանի որ 10 տարի շարունակ հարցը քննարկվել է: Նման հարցադրման համար կլոր սեղանի մասնակցել ու բանավիճել, ես որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում: Կրկին դրան անդրառանալը մարդկանց մոտ ապատեղեկատվության շարան կառաջացնի»,- նշել է նա:
Էմմա Պալյան