տուն Տնտեսական Կառավարությունը չի ընդունի ԱԺ չորս պատգամավորների առաջարկը

Կառավարությունը չի ընդունի ԱԺ չորս պատգամավորների առաջարկը

337
0

Միքայել

Հինգշաբթի օրվա նիստում կառավարությունը բացասական եզրակացություն կտա Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Բազմասեր Առաքելյանի, Մուրադ Գուլոյանի և Մելիք Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության որոշ­­մամբ հավանության արժանացած գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գոր­ծա­րար ծրագրի շրջա­նակ­­ներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատաս­խան տարվա ընթաց­քում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեց­ված վճարումների 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշ­վարկ­ված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գոր­ծող 30 տոկոսի փոխարեն:

«Ներկայացված առաջարկության ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար` հետև­յալ նկատառումներով:

1. Նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված չէ այնպիսի տեղեկատ­վու­թյուն կամ վերլուծություն, որով կհիմնավորվեր վերոնշյալ արտոնության շրջանակներում կիրառ­վող սահմանաչափի ցածր լինելը: Այս առումով, պարզ չէ, թե արտոնության տրամա­դրու­մից մինչև այժմ քանի տնտեսավարող սուբ­յեկտներ են պատրաստակամություն ունե­ցել Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության քննարկմանը ներկայացնել գործա­րար ծրագ­րեր, սակայն չեն ներկայացրել` պայմանավորված միայն այն հանգամանքով, որ արտո­նության շրջանակներում կիրառվող սահմանաչափը ցածր է: Միաժամանակ, հայտնի չէ, թե որքան աշխատատեղեր պետք է ստեղծվեին այդ ծրագրերի շրջանակներում, որքան լրա­ցուցիչ աշխատավարձ և դրան հավա­սարեցված վճարումներ պետք է կատար­վեին այդ աշխա­տատեղերի մասով և այդ գումարը համապատասխան հաշվետու տարվա շահու­թա­հարկի քանի տոկոսը պետք է կազ­­մեր:

Պարզ չէ նաև, թե ներկայացված առաջարկության ընդունումը ինչպես կազդի արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտների վար­քա­գծի վրա և արդյո՞ք արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափի վերանա­յումը ինքնանպատակ չի լինի:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ միայն համապատասխան վերլուծության արդ­յունքների ու անհրաժեշտ տեղեկատվության առկա­յու­թյան պարագայում կարելի է եզրա­­հանգումներ կատարել արտոնության համար նախատես­ված սահմանաչափի մեծու­թյան հիմնավորվածության վերաբերյալ:

2. Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն, նախագծի ընդունումը կխթանի գոր­ծարար ծրագրերի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչի արդյունքում կկրճատվի գործազրկության մակարդակը:

Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ միայն վերոնշյալ արտոնությունը` առանձին վերց­րած, բավարար չէ նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար: Մեր կարծիքով այդ արտոնության շրջանակներում կիրառվող սահմանաչափի բարձրացումը որևէ նշանակալի խնդիր լուծել չի կարող` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերո­նշ­յալ արտոնության կիրարկումն ապա­հա­վող` Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2013 թվականի մարտի 7-ի «Գոր­ծա­րար ծրագրերի հավանության արժա­նացման, ինչ­պես նաև այդ ծրագրերի շրջանակ­նե­րում ստեղծված նոր աշխա­տա­տեղերի մասով լրա­ցու­ցիչ աշխատավարձի և դրան հավա­սա­րեց­ված վճարումների հաշ­վարկ­ման կարգը հաս­տա­տելու մասին» թիվ 346-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի ապրիլի 26-ից, սակայն մինչև այժմ որևէ կազմակերպություն չի դիմել գործարար ծրագրի շրջանակներում ստեղծ­ված նոր աշխատատեղերի մասով շահու­թա­հարկի արտոնությունից օգտվելու համար:

Հետևաբար խնդիրը արտոնության համար նախատես­ված սահ­մա­նա­չափի մեծության մեջ չէ: Նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը պետք է իրակա­նացվի գործարար միջավայրի շարունակական բարելավման այնպիսի համալիր ծրագ­րերի շրջա­նակներում, ինչպիսիք յուրաքանչյուր տարվա համար ընդունվում և իրակա­նաց­վում են Հայաս­տանի Հանրապետության կառավարության կողմից»,- ասվում է կառավարության որոշման մեջ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here