տուն Լուրեր Կառավարությունը ոչ մի լավ բանով աչքի չի ընկել և պետք է հեռանա

Կառավարությունը ոչ մի լավ բանով աչքի չի ընկել և պետք է հեռանա

253
0

7672_am_2

Ամանորի տոներից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով  երկրի տնտեսությանը,  սենսացիոն հայտարարություն արեց, որում խիստ քննադատության ենթարկեց վարչապետ  Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությանը:

«Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց  ոչ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ և ոչ էլ հաստատ՝  ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ, պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 ՀՀ երկրորդ նախագահի այս հայտարարության վերաբերյալ AraratNews.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ: Պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի քննդատությունը հիմնավորված է համարում և կարծում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարության սխալ քաղաքականության լավագույն փաստարկը հասարակության վիճակն է. «Կարծում եմ՝ ոչ միայն երկրորդ նախագահի, այլև վերջին շրջանում Տիգրան Սարգսյանի ու նրա ղեկավարած կառավարությանն ուղղված քննադատությունները փաստարկված են։ Չնայած նույնիսկ եթե փաստարկներ չլինեին կառավարության սխալ քաղաքականության մասին, ակնհայտ է, որ քաղաքացիների սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, երկիրը դատարկվում է, ու մի շարք խնդիրներ կան, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է, և կարծում եմ շատ կարևոր է, որ դրանց մասին խոսում են նաև նախկին նախագահները»,- ասաց պատգամավորը։

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ աշնանային նստաշրջանի վերջում հայտարարել էր, որ իրենք կառավարությանը անվստահություն հայտնելու պրոցես են սկսելուˋ փորձեցինք ճշտել պատգամավորից, արդյո՞ք կա փոխհամաձայնությունˋ կառավարության գործունեության քննադատության մասով. «Նման քննարկումներ դեռևս չեն եղել խմբակցությունում, իսկ եթե քննարկումներ չեն եղել, բնականաբար, ավելորդ է խոսել քաղաքական համաձայնություն ձեռք բերելու մասին, չնայած թե ՀԱԿ-ը, թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն, թե Ժառանգությունը, թե առաջին ու երկրորդ նախագահները, բազմաթիվ վերլուծաբաններ ու քաղաքագետներ ևս նույն կարծիքին են, որ այս կառավարությունը թերևս ոչ մի լավ բանով աչքի չի ընկել և պետք է հեռանա»,- եզրափակեց իր խոսքը Վահան Բաբայանը։

Բորիս Մուրազի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here