Կառավարության օրակարգն հաստատելուց հետո քննարկվեց չզեկուցվող հարցերի փաթեթը: Հաստատելուց հետո կառավարությունն սկսեց կորոնավիրուսի չեզոքացման 22-րդ ծրագիրը հաստատելու հարցը:
Զեկուցում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով տուժած քաղաքացիներին: Ծրագրի շահառու կարող են լինել այն քաղաքացիները, որոնք 85 օր աշխատանքի մեջ են եղել գործատուի մոտ և ազատվել են աշխատանքից մինչև հունիսի մեկը ու չեն անցել այլ աշխատանքի: Աջակցությունը տրվում է միանվագ միջին աշխատավարձի չափով: Այս ծրագրից չեն կարող օգտվել նրանք, որոնց աշխատավարձը գերազանցել է հինգ հարյուր հազար դրամը:
Որոշմամբ սահմանվում է վճարման կարգը: Որոշման ընդունումից հետո երեք օրվա ընթացքում ՊԵԿ-ը կտրամադրի տվյալներ, և անկանխիկ եղանակով քաղաքացիները կկարողանան ստանալ աջակցությունը»,- ասաց Զարուհի Բաթոյանը:
Վարչապետն էլ ասաց՝ այս տարբերակով փորձում ենք օգնել մեր քաղաքացիներին:
Կառավարությունը հաստատեց այս միջոցառումը:
Հայկ Մագոյան