տուն Տնտեսական Կառավարությունը հաստատեց ԿԲ գնաճի 2013-ի հաշվետվությունը

Կառավարությունը հաստատեց ԿԲ գնաճի 2013-ի հաշվետվությունը

244
0

կառավարության-նիստ-հովիկ-աբրահամյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Կենտրոնական բանկի 2013թ դրամավարկային քաղաքականության ծրագրի (գնաճի) կատարման հաշվետվությանը: «2013 թվականին մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից կարելի է առանձնացնել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների գների բարձրացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն ունեցան գնաճի կառավարելիության հարցում»,- ասվում է Կառավարության եզրակացության մեջ: Դրանում նշվում է, որ պարենային ապրանքների գների և հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով 2013-ի երրորդ եռամսյակում գնաճի ցուցանիշը զգալի բարձրացավ նպատակադրված միջակայքից:

«Ճնշումները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2013 թվականի օգոստոսին 0.5 տոկոսային կետով բարձրացրեց քաղաքականության տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8.5 տոկոսի. վերջին գրեթե երկու տարվա մեջ դա առաջին փոփոխությունն էր: Սակայն հետագայում գնաճի տեմպը և տնտեսական ակտիվությունը զգալի նվազեց, և կենտրոնական բանկը իր միջոցառումը հետադարձեց` նոյեմբերին և դեկտեմբերին քաղաքականության տոկոսադրույքն իջեցրեց մինչև 7.75 տոկոս: Այս պայմաններում, ի հայտ եկող մակրոտնտեսական կայունությանը սպառնացող ռիսկերը հնարավոր եղավ հաղթահարել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացման միջոցով, երբ կենտրոնական բանկի գործողություններին համարժեք հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թվականին պահպանեց իր զսպող ուղղվածությունը՝ նպատակադրելով նպաստել մակրոտնտեսական կայունությյան ձեռքբերմանը, միաժամանակ հաշվի առնելով պակասորդի և պետական պարտքի կրճատման ու պարտքային կայուն միջավայրի ձևավորման առաջնահերթությունը:

Արդյունքում, hարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված քաղաքականությունների շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը` 2013 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%՝ գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5% տնտեսական աճ: Այդուհանդերձ, 2013 թվականին տնտեսության զարգացման միտումները շարունակվել են նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով, իսկ 2013 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր հատվածի ծախսումների ճեղքվածքը գնահատվել է նշանակալի բացասական և գնաճի վրա ունեցել է 0.9 – 1.0 տոկոսային կետ զսպող ազդեցություն: Այս զարգացումների պարագայում 2013 թվականի չորրորդ եռամսյակում աշխատանքի շուկայում էական անհավասարակշռություններ չեն արձանագրվել` նշված ժամանակահատվածում աշխատանքի շուկայի ազդեցությունը գնաճի վրա եղել է չեզոք:

Տնտեսական դրական զարգացումների ամրապնդման հիմք է հանդիսացել արտահանումը, որի աճը տեղի է ունեցել արտաքին պահանջարկի դանդաղման և տնտեսության ներքին կարողությունների օգտագործման արդյունավետության բարձրացման պայմաններում: Իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թվականին նպաստել է գնաճային ճնշումների թուլացմանը՝ բարենպաստ միջավայր ստեղծելով դրամավարկային քաղաքականության իրականացման համար»,- ասվում է եզրակացության մեջ: