Կառավարությունն այսօր զեկուցվող հարցերի շարքում քննարկման դրեց նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը:
Զեկուցում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարար Թորոսյանը հիշեցրեց, որ այս փաթեթները պատրաստելու համար սկզբունքային համաձայնություն էին ձեռք բերել պարետատան նիստերից մեկում, երբ վերջինս ներկայացրել է սրանց անհրաժեշտությունը:
«Առաջարկվող փաթեթով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթով առաջարկում ենք սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելիս, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անկախ կառավարման ձևից, բոլոր լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմին, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների, արտակարգ դրությամբ որոշված ծավալներով և լիազորությունների շրջանակներով:
Երկրորդը` արտակարգ դրության ժամանակ բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կատարվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որի չկատրումն առաջացնում է պատասխանատվություն:
Եվ երրորդ սկզբունքային կետը` արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Եվ այս կարգերից խուսափելը առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»,- ասաց նախարար Թորոսյանը:
Նախարարն ասաց, որ նման իրավիճակում այս իրավական ակտերը խիստ անհրաժեշտություն են:
Թորոսյանը առաջարկեց այս նախագիծն ընդունել և ուղարկել Ազգային ժողով, ինչպես նաև այն դարձնել անհետաձգելի:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ նպատակը պարզ է, բայց մի հարց կա.
«Մենք տնտեսվարողին ասում ենք, որ այս պահից ինչ-որ ծավալով տնտեսվարումը մենք ենք իրականացնում: Հիմա դա ենթադրում է որոշակի գույքաֆինանսական իրավունքների և պարտականությունների կոնսոլիդացիա կամ տարանջատում: Եթե այդ հարցը այստեղ չկարգավորենք, իրանք հետո կասեն՝ էդ օրենքի ուժով այդ ընթացքում դուք վնասներ եք պատճառել, որը խնդրում ենք հատուցել: Եվ այդ պահանջը կլինի հիմնավորված: Ինչն էլ կբերի պոտենցիալ ծախսակույտ, որն էլ ստիպված կլինենք համակարգի մասնավոր հատվածներին հատուցել: Չարժե կարգավորում մտցնենք, որ ինչպես են այս գործընթացում տարանջատվում ֆինանսական գործընթացները»:
Թորոսյանն էլ փոխվարչապետի հարցին ի պատասխան ասաց, որ այդ հարցը կարգավորված է այլ իրավական ակտով, և պետությունը պարտավոր է պատճառված վնասները փոխհատուցել:
Փոխվարչապետն էլ հակադարձեց, թե այդ դեպքում կվիճարկվի չստացված եկամտի հարցը, և առաջարկեց քննարկել ու սահմանափակել այն:
Թորոսյանը նկատեց, որ ինքը չի կարծում, թե չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք: Թորոսյանը օրինակ բերեց պատերազմական իրավիճակը և առաջարկեց նման կետ չընդգրկել օրենքում:
Ավինյանն էլ ասաց, որ հարցը կարգավորված է և օրենքով, և կառավարության որոշմամբ, որովհետև նման լիազորություններ տրված են պարետին, և արդեն իսկ սահմանված կարգ կա: Ավինյանը առաջարկեց վերադառնալ և տեսնել՝ եկամուտների հարցը կա օրենքի նախագծում, թե՞ ոչ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ այս նախագծի ընդունումից հետո օրենքում փոփոխություններ պետք է տեղի ունենան, քանի որ այս որոշումը կարգավորված չէ և հարմարեցված չէ այս իրավիճակին, և ակնհայտ է, որ օրենքից հետո պետք է փոփոխել:
Կառավարությունը հաստատեց որոշումը` իրավական այլ ակտով կարգավորելու առաջնահերթությամբ:
Հայկ Մագոյան