«Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է իրականացրել Երևան քաղաքում և պարզել, որ քաղաքացիների 88.7%-ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Հարցմանը մասնակցել է 1066 քաղաքացի: Այս կապակցությամբ լրագրողները երեկ Ազգային Ժողովում հանդիպելով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, փորձեցին ճշտել, արդյոք այս դեպքում էլ են իրենք վճռական տրամադրված: Սերժ Սարգսյանը ասում էր, որ 80 տոկոսն է դեմ, իսկ ահա սոցհարցումը ցույց է տալիս, որ դեմ է 88 տոկոսը, ինչպես է արձագանքնելու կառավարությունը սրան: Այս հարցադրումներին ի պատասխան նախարարը նկատեց, որ օրենքը դեռևս ընդունվել է 2010 թվականին, և չկա որևէ իրավական ակտ, որը այս կամ այն կերպ կուտակայինի մասին օրենքը չեղարկում է.«Այս պահին օրենքն ընդունված է, ընդ որում օրենքն ընդունված է 2010 թվականից, և չկա որևէ իրավական ակտ, որը կչեղարկի տվյալ օրենքը: Մենք կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո պատրաստ ենք մեկնաբանություններ անել»,-ասաց նախարարը:
Վերջին տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը ապացուցել է, թե ինչպիսի որոշումներ է կայացնում և ում համար է իրականում աշխատում դատարանը, այնպես որ կարելի է արձանագրել, որ եթե անգամ բնակչության 100 տոկոսը դեմ լինի՝ կառավարության վճռականությունը չի նվազի. նրանք փորձելու են կյանքի կոչել օրենքը: